Foto

Ինչքան շատ ենք անվտանգություն ասելիս դա կապում բանակի հետ, այդքան նշանակում է, որ անվտանգության պակաս կա. Նիկոլ Փաշինյան

Պիտի ընդգծեմ, որ շատ կարևոր է՝ մենք բոլորս գնալով ավելի ու ավելի ամբողջական գիտակցենք դիվանագիտության և դիվանագիտական ծառայության դերը, նշանակությունը մեր երկրի զարգացման համար և մեր երկրի զարգացման գործում: Այդ մասին Դիվանագետի օրվան նվիրված միջոցառման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես կարծում եմ, որ մենք ընդհանրապես դիվանագիտությանը և դիվանագիտական ծառայության դերին երկրի անվտանգության և բնականոն զարգացման գործում պետք է ավելի ուշադիր լինենք, որովհետև առիթ եմ ունեցել նախկինում ասելու, որ իրականության մի փոքր աղճատված գիտակցության արդյունք է, որ անվտանգություն ասելիս մենք սովորաբար միշտ հասկացել ենք առաջին հերթին բանակ, երկրորդ հերթին՝ բանակ, երրորդ հերթին՝ բանակ, չորրորդ հերթին էլ՝ մնացած բոլոր հերթերը: Բայց ավելի ուշ ենք հասկացել, որ ինչքան շատ ենք անվտանգություն ասելիս դա կապում բանակի հետ, այդքան նշանակում է, որ անվտանգության պակաս կա, կամ այդքան նշանակում է, որ անվտանգության իրադրությունը կամ վիճակը բարվոք չէ, և ընդհակառակը, ինչքան շատ ենք մենք անվտանգություն ասելիս նկատի ունենում փափուկ գործոններ, նշանակում է, որ անվտանգության ավելի հուսալի մակարդակ է:

Դիվանագիտական ծառայությունը կարելի է համեմատել, եթե մի քիչ սուր և կոպիտ համեմատենք՝ ավտոմեքենաներից մեզ հայտնի «կլիմատ կոնտրոլ»-ի հետ, որովհետև դիվանագիտական ծառայության ամբողջ իմաստը և նշանակությունն այն է, որ արտաքին միջավայրում և դրա ազդեցությամբ նաև ներքին միջավայրում եղանակը լինի հնարավորինս բարենպաստ. ձմեռները՝ հնարավորինս տաք, ամառները՝ հնարավորինս զով, անձրևները՝ հնարավորինս մեղմ, ջրերը՝ կառավարելի, քամիները՝ փափուկ և այլն: Կարծում եմ՝ մենք գնում ենք այդ ճանապարհով, բայց սրա համար պետք է նաև ավելի ու ավելի լավ ճանաչել աշխարհը, ավելի ու ավելի լավ ճանաչել պրոցեսները, ավելի ու ավելի լավ տեսնել այն փոփոխությունները, որ տեղի են ունենում աշխարհում և վերափոխվել այդ փոփոխություններին զուգահեռ, որովհետև զարգացումը փոփոխման պրոցես է, եթե տեղի չի ունենում փոփոխություն, նշանակում է՝ տեղի չի ունենում զարգացում: Հիմա մենք այդ ուղղությամբ ենք գնում և պետք է շարունակենք գնալ այդ ուղղությամբ»,- նշեց վարչապետը: