Այս տարվա հունվարի 26-ին Առինջ գյուղի մի բնակիչ ահազանգել էր Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որ իր բացակայության ընթացքում կոտրել են տան պատուհանն ու գողացել 9 հազար դոլար։
Բնակարան ապօրինի մուտք գործելով կատարված գողության հատկանիշներով նախաձեռնվեց քրեական վարույթ։
Մինչ Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները ձեռնարկում էին բացահայտմանն ուղղված միջոցառումներ՝ փետրվարի 6-ին ստացվեց նմանատիպ ևս երկու ահազանգ, երկուսն էլ Վերին Պտղնի գյուղից։ Մի դեպքում խառնել ու թալանել էին տունը՝ թողնելով ոտնահետքեր, մյուս դեպքում՝ ոչինչ չգողանալով փախել էին։
Հետքերը հուշում էին, որ գողություններին մասնակցել է առնվազն երկու անձ։ Կոտայքի քրեական ոստիկանների վարկածով երեք դեպքն էլ նույն անձանց գործն է։
Այս տրամաբանությամբ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում քրեական ոստիկանները ստացան տեղեկություն, որ բնակարանային գողություններն ու փորձը կատարել են մայրաքաղաքի բնակիչներ 31-ամյա և 27-ամյա տղամարդիկ։ Ավելին, քրեական ոստիկաններին հաջողվեց նաև փաստով բռնել նրանց։
Փետրվարի 14-ին տղամարդիկ կենցաղային իրերի գողություն կատարեցին նաև մայրաքաղաքի Բագրևանդի փողոցի մի տնից, և նույն փողոցի բնակիչ 30-ամյա տղամարդու վարած «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենայով տեղափոխում էին գողոնը, երբ Կոտայքի քրեական ոստիկանները, համագործակցելով Քրեական ոստիկանության գլխավոր վարչության գործընկերների հետ, ժամը 15․35-ին Արշակունյաց պողոտայում երեքին էլ ձերբակալեցին ու տեղափոխեցին Քրեական ոստիկանության մարզային վարչություն։
31 և 27 տարեկան տղամարդկանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Նրանք տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկ։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:









