Foto

Լեհաստանի նախագահի գրասենյակի ներքին դրամարկղից մոտ 140,000 դոլար են գողացել․ ԶԼՄ

Լեհաստանի նախագահի գրասենյակում լուրջ ֆինանսական չարաշահումներ են հայտանաբերվել, փոխօգնության ներքին դրամարկղից շուրջ 500,000 զլոտի (մոտ 140 հազար դոլար) է անհետացել, հայտնում են լեհական Wprost և Wiadomości WP լրատվամիջոցները:


Հրապարակումների տվյալներով՝ դրամարկղի սպասարկման համար պատասխանատու աշխատակցուհիներից մեկը այլ աշխատողների անուններով ձևակերպել է կեղծ վարկեր, իսկ այդ վարկերի միջոցները փաստացի փոխանցվել են իր սեփական հաշվեհամարին: Այս մասին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ տուժածներից մեկն իր աշխատավարձից անօրինական պահումներ է հայտնաբերել՝ գոյություն չունեցող պարտքի մարման համար:



Ֆինանսական հաշվետվություններում անհամապատասխանությունների հայտնաբերումից հետո աշխատակցուհին հեռացվել է աշխատանքից, իսկ նյութերը փոխանցվել են քննչական մարմիններին: Իրավախախտման փաստով դիմում է ներկայացվել դատախազություն, և Վարշավա-Սրոդմեսցե շրջանի դատախազության հսկողության ներքո քննություն է ընթանում: Արդեն հարցաքննվել են առաջին վկաները, ձեռք են բերվել փաստաթղթեր և սկսվել է վնասի ճշգրիտ չափի ու տուժածների թվի հստակեցումը:

Հետաքննությամբ զբաղվում է տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի ոստիկանությունը: Դատախազությունը դեռևս մանրամասներ չի հայտնում՝ ելնելով շարունակվող նախաքննությունից և գործընթացի շահերի պաշտպանությունից:

Լրատվամիջոցները նշում են, որ կեղծ վարկերի գործընթացը սկսվել է փոքր գումարներից, որոնք երկար ժամանակ կասկած չեն հարուցել, սակայն հետագայում աճող պահումների մասշտաբն ակնհայտ է դարձել:

news.am