«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպես տեղեկացրել ենք, ներկուսակցական ընտրություններից հետո ՔՊ-ում արշալույսները խաղաղ չեն։ Պատգամավորական ֆրակցիայում խուլ դժգոհություն կա՝ ներկուսակցական ընտրություններում ոմանց ստացած ձայների առումով, և հիմնավոր կասկածներ, որ ՔՊ թեկնածուները չեն ենթարկվել կուսակցական որոշմանն ու գաղտնի քարոզարշավ են արել, ուղղորդել ընտրիչ պատվիրակներին, ինչի արդյունքում էլ ոմանք անբացատրելի բարձր քվեներ են ստացել, ոմանք` անբացատրելի ցածր։
Մեզ ասացին, որ որոշ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում են պահանջել, որպեսզի քննարկեն այս քվեարկության արդյունքները և բացահայտեն զեղծարարներին։ Գուցե հարցը քննարկեն առաջիկա հինգշաբթի՝ կուսակցության Նախաձեռնող նիստի ժամանակ։
Միևնույն ժամանակ, ՔՊ շարքերում վստահ են, որ զեղծարարությունների բացահայտման գործընթաց չի լինելու` հո աշխարհով մեկ չե՞ն խայտառակվելու, որ անգամ ներկուսակցական ընտրություններն են կեղծում, և Նիկոլ Փաշինյանը, սովորության համաձայն, բոլորին «կուտ է տալու»՝ ասելով, թե կարևոր չէ՝ ով որ տեղում է, իրենց հաղթանակի պարագայում ոչ մեկն անգործ և չգնահատված չի մնա: Նա բոլորից լավ է հասկանում, որ հակառակ դեպքում «աբիժնիկներն» ընտրությունները կբոյկոտեն, չեն աշխատի, նույնիսկ կարող են հակառակորդների օգտին աշխատել, և հիմա յուրաքանչյուր ձայնի ու յուրաքանչյուր ձայն բերողի համար կյանք է տալիս»։









