tvՇիրակի մարզի Գյումրի համայնքում մեկնարկել է 2026 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացի քվեարկության փուլը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Մասնակցային բյուջետավորման գործողությունների համակարգման հանձնաժողովի քարտուղար Լենա Մխիթարյանը, համայնքապետարանը ստացել էր հինգ հայտ, որոնցից մեկը մերժվել է, իսկ երկուսը, լինելով բովանդակությամբ միանման, միավորվել են մեկ նախագծի մեջ։ Այս պահին քվեարկության փուլում է երեք հիմնական հայտ՝ բաց ամֆիթատրոնի կառուցումը, Գյումրիի «Հաղթանակի» զբոսայգու զարգացման և համալիր բարեկարգման ծրագիրը, շախմատի մանկապատանեկան մարզադպրոցի հիմնանորոգումը՝ վերածելով այն բազմաֆունկցիոնալ մարզակրթական համալիրի։
Մասնակցային բյուջետավորման այս գործընթացը հնարավորություն է ընձեռում համայնքի 16 տարին լրացած բնակիչներին անմիջականորեն մասնակցել քաղաքի զարգացմանն ու բարեկարգմանը՝ ներկայացնելով և ընտրելով իրենց նախընտրած ծրագրերը։
Ներկայացված նախագծերը պետք է լինեն նոր, տեխնիկապես իրագործելի և միտված համայնքային խնդիրների լուծմանը, ընդ որում՝ յուրաքանչյուր ծրագրի բյուջեն չպետք է գերազանցի 43 մլն ՀՀ դրամը։
Լենա Մխիթարյանի փոխանցմամբ՝ հաղթող կճանաչվի այն հայտը, որը մինչև մարտի 8-ը կհաղթահարի ձայների նվազագույն՝ 2612 շեմը։









