Այսօր՝ փետրվարի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքում՝ Թումանյան 3/1 հասցեի մոտակայքում, հսկայական եղևնին արմատից կոտրվել ու տապալվել է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տապալման հետևանքով վնասվել են կայանված 2 տրանսպորտային միջոցներ, էլեկտրական մալուխներ և գազատար խողովակը։
Բարեբախտաբար տուժածներ չկան։
Օպերատիվորեն ժամանել են Վանաձորի քաղաքապետարանի աշխատակիցները՝ քաղաքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի գլխավորությամբ և «Գազպրոմ Արմենիա»-ի Վանաձորի գազի վթարային ծառայության աշխատակիցները։
Դեպքի մասին չգիտես ինչու ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոնը ժամեր անց է նոր նպատակահարմար գտել տեղեկությունը փոխանցել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչություն, ապա ժամանած փրկարարներին տեղում հայտնել են, որ էլ նրանց կարիքն այլևս չկա։









