Foto

ՄԻՊ աջակցությամբ սոցիալապես անապահով ընտանիքին վերադարձվել է բժշկական ծառայությունների համար նախապես վճարված գումարը

ՀՀ քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին՝ տեղեկացնելով, որ իր ընտանիքը 1994 թվականից հաշվառված է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում (անապահովության միավորը կազմում է 31.44 և իր խնամքին գտնվում են երեք անչափահաս երեխաներ ու կենսաթոշակառու ծնողները), սակայն հարազատները չեն տեղեկացվել պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ բժշկական օգնության հնարավորությունների մասին և վճարել են բժշկական ծառայությունների համար:

Պաշտպանի միջամտությամբ և իրավասու մարմնի հետ համագործակցությամբ բարձրացված հարցը լուծվել է, բժշկական օգնության համար նախապես վճարված գումարը ամբողջությամբ վերադարձվել է քաղաքացուն:

Քաղաքացին Մարդու իրավունքների պաշտպանին հայտնել է, որ մարզից տեղափոխվել է մայրաքաղաքի համապատասխան բժշկական կենտրոն, որտեղ ախտորոշվել է գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարում՝ հեմոռագիկ տիպի։

Ըստ նրա՝ հարազատները բժշկական կենտրոնում կատարել են անհրաժեշտ վճարումը, որից հետո ինքը վիրահատվել է։ Մինչ մայրաքաղաքի համապատասխան բժշկական կենտրոն տեղափոխվելը՝ առաջնային բուժօգնությունը ստացել է իր մարզի բժշկական կենտրոնում: Քաղաքացու պնդմամբ՝ բժշկական կենտրոններից որևէ մեկում ինքը և իր հարազատները չեն ստացել բանավոր կամ գրավոր տեղեկատվություն պետության երաշխավորած անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնությունից և սպասարկումից օգտվելու հնարավորությունների, ծավալների, իրավունքների ևդրանց իրականացման մեխանիզմների մասին, իսկ հարազատները, գտնվելով հուզական ծանր վիճակում, չեն տեղեկացրել իր՝ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված լինելու մասին:

իմումում նշված հարցի կապակցությամբ պարզաբանումներ ստանալու նպատակով Պաշտպանի աշխատակազմը դիմել է ՀՀ առողջապահության նախարարություն: Ի պատասխան՝ Պաշտպանի աշխատակազմին տեղեկություն է ներկայացվել այն մասին, որ բարձրացված հարցն ուսումնասիրվել է Առողջապահության նախարարությունում, և վերջինիս համապատասխան ընթացք է տրվել։

Արդյունքում՝ Պաշտպանի միջամտությամբ և իրավասու մարմնի հետ համագործակցությամբ քաղաքացու կողմից բարձրացրած հարցն

ստացել է լուծում, և բժշկական օգնության ու սպասարկման համար նախապես վճարված գումարը վերադարձվել է:

Նշված տեղեկատվությունը Պաշտպանի ներկայացուցիչը փոխանցել է քաղաքացուն՝ ուղղորդելով համապատասախան բժշկական կենտրոն՝ դիմում լրացնելու և անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնելու նպատակով։

Բողոքի քննարկման ընթացքում քաղաքացին Պաշտպանին հասցեագրած լրացուցիչ դիմումով տեղեկացրել է, որ իր բարձրացրած հարցը Պաշտպանի աջակցությամբ ստացել է լուծում, և բժշկական օգնության ու սպասարկման համար նախապես վճարված գումարը վերադարձվել է: