Ռուսաստանի Կրասնոյարսկի երկրամասում դատարանը պարտավորեցրել է շրջանային հիվանդանոցին փոխհատուցում վճարել հիվանդին՝ բժշկական սխալի պատճառով ուշ հայտնաբերված ուռուցքային հիվանդության համար։ Դատական գործի արդյունքների մասին հաղորդել են ռուսական լրատվամիջոցները։
Տեղեկությունների համաձայն՝ կինը 2023 թվականին դիմել էր բժիշկներին կրծքավանդակի ցավերի պատճառով, սակայն կատարված մամոգրաֆիան պաթոլոգիա չէր հայտնաբերել։ Կես տարի անց նրա վիճակը վատացել էր, սակայն կրկնակի հետազոտությունը նույնպես հիվանդություն չէր ցույց տվել։ Ավելի ուշ նա դիմել էր մարզային ուռուցքաբանական կենտրոն, որտեղ նրա մոտ ախտորոշվել էր քաղցկեղի երրորդ փուլ։
Երկարատև բուժումից հետո կինը դարձել է հաշմանդամ և դիմել դատախազություն։ Դատարանի որոշմամբ հիվանդանոցը պարտավորեցվել է նախկին պացիենտին վճարել 350 հազար ռուբլի՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում։ Նմանատիպ մեկ այլ գործով Ռուսաստանում նախկինում ևս հիվանդանոցը պարտավորեցվել էր փոխհատուցում վճարել բժշկական սխալի համար։









