Փետրվարի 3-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հյուրընկալել է Արարատի մարզի «Շահումյանի Արտակ Համբարձումյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի աշակերտներին։
ՄԻՊ աշխատակազմի կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության պետ Լիլիթ Աղաջանյանը, ողջունելով հյուրերին, ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի առաքելությունը, լիազորությունների շրջանակը, գործունեության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երեխաների իրավունքներին առնչվող մի շարք կարևոր հարցեր, մասնավորապես՝ երեխաների նկատմամբ բռնության կանխարգելման, կրթության իրավունքի ապահովման, երեխայի անձնական տվյալների պաշտպանության, երեխայի լավագույն շահի գերակայության սկզբունքի ապահովման, ինչպես նաև իրավունքի առնչությամբ պատշաճ իրազեկվածության վերաբերյալ։
Հանդիպումն անցկացվել է հարցուպատասխանի ձևաչափով, ինչը հնարավորություն է տվել աշակերտներին ակտիվորեն մասնակցելու քննարկմանը և բարձրաձայնելու իրենց հետաքրքրող ու մտահոգող հարցերը։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ուսումնական հաստատությունների սաների համար կազմակերպվող ճանաչողական հանդիպումները կրում են շարունակական բնույթ՝ նպաստելով երեխաների իրավագիտակցության բարձրացմանը և մարդու իրավունքների մշակույթի ձևավորմանը









