Foto

ԱԺ ընտրությունների օրը հայտնի է. Ե՞րբ կսկսվի քարոզարշավը, երբ և որ դեպքում կարող են ձևավորվել կոալիցիաներ

Նախօրեին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագիրը, ըստ որի Ազգային ժողովի հերթական ընտրությունները կկայանան այս տարվա հունիսի 7–ին։

Ըստ ընտրական օրենսգրքի կարգավորումների ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցությունները գրանցման համար փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացնում քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 55, եւ ոչ ուշ, քան 45 օր առաջ` մինչեւ ժամը 18.00-ն: Այս դեպքում դա ապրիլի 13–23–ն ընկած ժամանակահատվածն է։

Դրանից հետո 10–օրյա ժամկետում (ապրիլի  23–ից մայիսի 3–ը) տեղի կունենա ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցումը։

Իսկ բուն քարոզարշավը կմեկնարկի կուսակցություների ցուցակների գրանցումից 7 օր անց՝ մայիսի 11–ին, և կտևի մինչեւ հունիսի 5–ը ներառյալ։

Նշենք, որ ընտրություններին մասնակցող կուսակցությունների համար նվազագույն շեմը 4 տոկոսն է։ Եթե կուսակությունների դեպքում անցողիկ շեմը 5%-ից իջեցվում է 4%-ի, ապա դաշինքի դեպքում այն 7 տոկոսից բարձրանում է 8 տոկոս, ընդ որում երեք կուսակցություններից կազմված դաշինքի դեպքում անցողիկ շեմը կլինի 9 տոկոս, իսկ 4 և ավելի կուսակցություններից կազմված դաշինքի դեպքում՝ 10 տոկոս:

Նորընտիր խորհրդարանում պետք է լինի առնվազն 3 քաղաքական ուժ։ Եթե այնպես ստացվի, որ նվազագույն շեմը հաղթահարեն միայն երկու կուսակցություններ, ապա մանդատների բաշխմանը կմասնակցի նաև երրորդ տեղը գրաված ուժը՝ անկախ նրանից, որ նվազագույն շեմը չի հաղթահարել։

Հիշեցնենք, որ այդպես եղավ 2021–ի ընտրությունների ժամանակ, երբ «Պատիվ ունեմ» դաշինքը թեև չէր հաղթահարել դաշինքների համար նախատեսված 7 տոկոսանոց շեմը, սակայն քանի որ պարտադիր պայման է, որ ԱԺ–ում պետք է լինի առնվազն 3 ուժ, «Պատիվ ունեմը» մասնակցեց մանդատների բաշխմանը և ստացավ 7 մանդատ։

Երբ արդեն ավարտվում է մանդատների բաշխումը նվազագույն շեմը հաղթահարած ուժերի միջև, խորհրդարան անցած ուժերից ոչ մեկը մեծամասնություն (50 տոկոս + մեկ ձայն) ստացած չի լինում, ապա դրանից հետո 6–օրյա ժամկետում այդ ուժերը կարող են քաղաքական կոալիցիա կազմել միմյանց հետ, եթե նրանց օգտին տրված ձայների գումարը բավարար է մանդատների ընդհանուր թվի մեծամասնությունն ստանալու համար, եւ նրանք եկել են համաձայնության վարչապետի թեկնածուի վերաբերյալ:

Եթե չի հաջողվում կազմել կոալիցիա, ապա տեղի է ունենում ԱԺ ընտրությունների երկրորդ փուլը։

ԱԺ ընտրության երկրորդ փուլն անցկացվում է քվեարկության օրվանից հետո՝ 28-րդ օրը: Երկրորդ փուլին մասնակցում են այն երկու քաղաքական ուժերը , որոնց կողմ են քվեարկել առավել թվով ընտրողներ։