Foto

Հրանտ-Լեոն Ռանոսը նոր ակումբ ունի․ պաշտոնական

Բրաունշվեյգի «Այնտրախտը» պաշտոնապես հայտարարել է Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսի տեղափոխության մասին։


22-ամյա ֆուտբոլիստը գերմանական ակումբին է միացել Մյոնխենգլադբախի «Բորուսիայից»՝ վարձակալական հիմունքներով։ Պայմանագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։ Կողմերի միջև կնքված համաձայնագրում տրանսֆերի գնման իրավունք նախատեսված չէ։

Հայ հարձակվողն իր նոր թիմում հանդես կգա 25 համարի մարզաշապիկով։


Ռանոսը ծնվել է Գերդենում, հանդես է եկել Դորտմունդի «Բորուսիայի» և Մյունխենի «Բավարիայի» ակադեմիաներում։ 2023/24 մրցաշրջանում նա միացել է Մյոնխենգլադբախի «Բորուսիային»։ Հարձակվողը ծանոթ է Երկրորդ Բունդեսլիգային․ 2025 թվականի հունվարից հունիս նա վարձավճարով խաղացել է «Կայզերսլաուտերնի» կազմում։

Ռանոսի ակտիվում կա 19 հանդիպում Բունդեսլիգայում (1 գոլ), 5 հանդիպում՝ Երկրորդ Բունդեսլիգայում, ինչպես նաև 23 խաղ և 5 գոլ՝ Հայաստանի ազգային հավաքականի կազմում։

«Այնտրախտի» սպորտային տնօրեն Բենջամին Կեսելը նշել է․

«Հրանտ-Լեոնը շատ տաղանդավոր հարձակվող է, որն այս մրցաշրջանում արդեն հասցրել է խաղաժամանակ ստանալ Բունդեսլիգայում։ Նա խելացի, տեխնիկապես գրագետ ֆուտբոլիստ է, որը կարող է գործել ինչպես «տասը համարի» դիրքում, այնպես էլ հարձակման սրում։ Հրանտ-Լեոնը կմեծացնի մեր խաղային բազմազանությունն ու հնարավորությունները»։

Իր հերթին Հրանտ-Լեոն Ռանոսը կիսվել է տպավորություններով․

«Շատ ուրախ եմ «Այնտրախտում» նոր մարտահրավերի համար և ցանկանում եմ օգնել ակումբին հասնել այս մրցաշրջանի նպատակներին։ Ուզում եմ օգտագործել իմ ուժեղ կողմերը և միևնույն ժամանակ շարունակել զարգանալ։ Ակումբի ղեկավարներն ու մարզիչն ինձ շատ արագ համոզեցին, որ սա ճիշտ քայլ է։ Անհամբեր սպասում եմ մեկնարկին»։