Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը հայտարարություն է տարածել․
«Չեմ ընդունում ինձ առաջադրված մեղադրանքը և այն համարում եմ անհիմն։
Հարցը վերաբերում է 2023թ. Երևանում ճանապարհային նշանների տեղադրման մրցույթում հաղթող ճանաչված «Իմպեքս» ՍՊԸ-ին, որի պայմանագիրը միակողմանի լուծվել է օրենքի ուղիղ պահանջով՝ բանկային երաշխիքը չներկայացնելու պատճառով։ Գործընթացը չձախողելու նպատակով նախաձեռնել եմ նոր մրցույթ։ Մոտ 1 շաբաթ անց ստացել եմ դատական ակտ, որով արգելվում է Երևանի քաղաքապետարանին ճանապարհային նշանների տեղադրման նոր գնման գործընթաց նախաձեռնել։
Ստացվում է՝ ես, մինչև դատական ակտը ստանալը, պետք է իմանայի նման ակտի մասին և չնախաձեռնեի։ Սա է ամբողջ մեղադրանքն ու իրողությունը։ Դեռևս որպես վկա հարցաքննվելիս բացի բանկային երաշխիք չներկայացնելու փաստից, «Իմպեքս» ՍՊԸ-ի մասով ներկայացրել եմ առերևույթ կեղծ տվյալներ ներկայացնելու մասին տեղեկություններ, որոնց մասով անհասկանալիորեն առ ասյօր որևէ ընթացքի մասին տեղեկություններ չկան»։









