Foto

Մեքսիկան ձգտում է դիվանագիտական ուղիներով լուծել Կուբա նավթի մատակարարումների շուրջ ստեղծված իրավիճակը

Մեքսիկան այս շաբաթ մարդասիրական օգնություն, այդ թվում՝ սնունդ կուղարկի Կուբա, ինչպես նաև կփորձի դիվանագիտական միջոցներ գտնել Կուբա նավթի արտահանման համար։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Deutsche Welle-ից, այս մասին  հայտարարել է Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը Սոնորայի նահանգի հյուսիսում կայացած հանրային միջոցառման ժամանակ։

Նախագահը հերքել է, որ Կարիբյան կղզու շուրջ ստեղծված իրավիճակը քննարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որն ավելի վաղ խնդրել էր նրան դադարեցնել Կուբա նավթի առաքումները և մաքսատուրքերով սպառնացել Կուբային նավթ վաճառող երկրներին։

Շեյնբաումը հավելել է, որ իր կառավարությունը ձգտում է «դիվանագիտական ​​​​միջոցով լուծել (Կուբա) նավթի առաքումների հետ կապված ամեն ինչ՝ մարդասիրական պատճառներով»։

Նա ընդգծել է, որ այս որոշումը համապատասխանում է Մեքսիկայի պատմական արտաքին քաղաքականությանը, իսկ նավթի մատակարարումները երկրի ինքնիշխան որոշումների մասն են կազմում։

Կուբան խորացող տնտեսական ճգնաժամի մեջ է. այնտեղ գրեթե ամեն օր նավթի պակասի պատճառով կարող են տեղի ունենալ ավելի քան 12 ժամ տևողությամբ հոսանքազրկումներ։

Վենեսուելան դադարեցրել է նավթի մատակարարումը Կարիբյան կղզի ԱՄՆ-ի ռազմական գործողությունից հետո, որի ընթացքում հունվարի 3-ին նախագահ Նիկոլաս Մադուրոն և նրա կինը առևանգվել էին և տեղափոխվել ԱՄՆ։

Ըստ հրապարակումների՝ Մեքսիկան վերջերս կրճատել է Կուբա նավթի մատակարարումները՝ ԱՄՆ-ի ճնշման պատճառով։ ԱՄՆ-ն առևտրային էմբարգո է պահպանում Կուբայի նկատմամբ 1962 թվականից ի վեր։