Փետրվարի 1-ից վճարումներն ընդունող վճարահաշվարկային որոշ կազմակերպություններ այլևս չեն իրականացնի «Վիվա Արմենիա» ՓԲ ընկերության բաժանորդների վճարումների ընդունում: Այս մասին հայտնում են Վիվա Արմենիա» ՓԲ ընկերությունից:
«Հարգելի բաժանորդներ,
Տեղեկացնում ենք, որ 2026 թվականի փետրվարի 1-ից վճարումներն ընդունող վճարահաշվարկային որոշ կազմակերպություններ, մասնավորապես՝ EasyPay-ը, Telcell-ը և Idram-ը, այլևս չեն իրականացնի «Վիվա Արմենիա» ՓԲ ընկերության բաժանորդների վճարումների ընդունում։
Վերը նշված ընկերությունների հետ, ցավոք, հնարավոր չեղավ գալ համաձայնության՝ փոխշահավետ պայմաններով համագործակցության շուրջ: Փոխշահավետ պայմաններով համագործակցությունը հնարավոր է դարձել ՀՀ բանկերի ու ՀայՓոստ ՓԲԸ, ինչպես նաև՝ MobiDram, Upay ու TeamPay հարթակների/բջջային հավելվածների հետ:
Ձեզ համար հարմար վճարման գործընթաց ապահովելու նպատակով ցանկանում ենք հիշեցնել, որ «Վիվա Արմենիա» ՓԲԸ ծառայությունների դիմաց վճարումները կարող եք շարունակել կատարել հետևյալ եղանակներով․
- Viva-ի սպասարկման կենտրոններում
- «ՄոբիԴրամ»-ի տերմինալներով
- «My Viva» և «MobiDram» բջջային հավելվածների միջոցով
- Viva-ի «Առցանց վճարման» էջի միջոցով
- ՀՀ բանկային փոխանցմամբ
- ՀՀ բանկերի մասնաճյուղերում և բանկոմատներով
- ՀՀ բանկերի վճարային տերմինալների և օնլայն բանկինգի միջոցով
- «Հայփոստի» փոստային բաժանմունքներում
- «Լիցք» վաճառակետերի ցանցում
Դուք նաև կարող եք առանց որևէ վճարի ստանալ գումար այլ կանխավճարային բաժանորդներից «Փողանցում» ծառայության միջոցով կամ ուղարկել Ձեր հաշվեկշռին եղած գումարը մտերիմներին, ովքեր դրա կարիքն ունեն: Այլ բաժանորդի գումար փոխանցելու համար Ձեր բջջային հեռախոսից պարզապես ուղարկեք *126*բաժանորդի հեռախոսահամարը*փոխանցվող գումարը# հրահանգը (օրինակ՝ *126*093297111*500#) կամ օգտվեք «My Viva» հավելվածի «Փողանցում» ծառայության բաժնից:
Միևնույն ժամանակ ցանկանում ենք նշել, որ էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների դիմաց վճարումների առավելապես էլեկտրոնային եղանակով կատարմանն ուղղված այս փոփոխությունները միտված են վճարային գործընթացների պարզեցմանը, արագացմանը և դրամական գործարքների թվայնացմանը։
Եթե վերը նշված վճարման եղանակներից որևէ մեկը տվյալ պահին հարմար չէ, առաջարկում ենք ակտիվացնել «Լիցք+» ծառայությունը, որի միջոցով կարող եք շարունակել օգտվել Viva-ի ծառայություններից մինչև 6000 դրամ սահմանաչափով՝ վճարումը կատարելով ավելի ուշ՝ վերոնշյալ եղանակներից որևէ մեկով։ Ծառայությունն ակտիվացնելու համար ուղարկեք *221# հրահանգը կամ օգտվեք «My Viva» հավելվածից»:









