Foto

Քրիստոնեական միության համար համատեղ աղոթք՝ Լոնդոնում

Հունվարի 25-ին Մեծ Բրիտանիայի տարբեր քրիստոնեական եկեղեցիների առաջնորդները համախմբվեցին Լոնդոնի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցում՝ մասնակցելու Քրիստոնեական Միության Աղոթքի Շաբաթի շրջանակում կազմակերպված էկումենիկ աղոթքի արարողությանը, որն անցկացվեց «Մեկ Մարմին, մեկ Հոգի» խորագրի ներքո։

Արարողության սկզբում ներկաներին ողջունեց Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը։ Սրբազան Հայրը շնորհակալություն հայտնեց տարբեր եկեղեցիների ներկայացուցիչներին իրենց ներկայության և համերաշխության համար՝ առանձնապես ընդգծելով հայ ժողովրդի և Հայ Եկեղեցու կողքին կանգնելու կարևորությունը եկեղեցական կյանքի այս դժվարին ժամանակաշրջանում։

Իր խոսքում «Եկեղեցիները Միասին Անգլիայում» կազմակերպության գլխավոր քարտուղար Մայք Ռոյալ եպիսկոպոսն անդրադարձավ Սուրբ Պողոսի ուսմունքին, ըստ որի, քրիստոնյաները մեկ մարմնի անդամներ են՝ անկախ իրենց ծագումից կամ սոցիալական կարգավիճակից։

Խոսելով եկեղեցիների միջև փոխադարձ կապի կարևորության մասին՝ վերջինս հավելեց. «Աչքը չի կարող ձեռքին ասել՝ “Քեզ պետք չունեմ”։ Մարմնի յուրաքանչյուր անդամ կենսական դեր ունի Հիսուս Քրիստոսի Եկեղեցու զորացման և ծաղկման համար»։

Մայք Ռոյալ եպիսկոպոսը հատուկ անդրադարձ կատարեց Հայաստանի ներկայիս իրավիճակին՝ նշելով, որ քրիստոնեական միությունը չի կարող սահմանափակվել միայն տեսական գաղափարով այն պայմաններում, երբ Եկեղեցիները կանգնած են ճնշումների և անարդարությունների առաջ։ Նա ընդգծեց, որ քրիստոնյաները կոչված են հոգատարություն ցուցաբերել Հայաստանի Եկեղեցու և ժողովրդի հանդեպ, հատկապես այն ժամանակ, երբ խոսքը վերաբերում է քաղաքական և կրոնական բանտարկյալներին, ինչպես նաև բանտարկված հոգևորականներին։

«Եթե մարմնի մեկ անդամ տառապում է, ամբողջ մարմինն է տառապում նրա հետ», — ասաց նա՝ հավելելով, որ եկեղեցիները չպետք է անտարբեր մնան այն տառապանքների հանդեպ, որոնք այսօր կրում են հավատացյալներն ու հոգևորականները Հայաստանում։

Եպիսկոպոսի խոսքով՝ կրոնական ազատությունը հիմնարար արժեք է, որը պետք է պաշտպանվի թե՛ Հայաստանում, թե՛ աշխարհի բոլոր երկրներում։

Տարբեր քրիստոնեական ավանդույթներ ներկայացնող եկեղեցիների ներկայացուցիչները հնչեցրին միջնորդական աղոթքներ՝ կոչ անելով միության և խաղաղության հակամարտություններով տառապող աշխարհում։ Աղոթքներ բարձրացվեցին Բաքվում պահվող 19 հայ պատանդների ազատ արձակման, Հայաստանում բանտարկված հոգևորականների ազատության, ինչպես նաև աշխարհում պատերազմների դադարեցման համար։

Մայք Ռոյալ եպիսկոպոսը եկեղեցիներին կոչ արեց արձագանքել երեք եղանակով՝ աղոթքով, գործով և նյութական աջակցությամբ։

«Մենք պարտավոր ենք աղոթել տառապող Եկեղեցու համար, գործել՝ բարձրացնելով մեր ձայնը նրանց համար, ովքեր ձայն չունեն, և մեր միջոցները նվիրաբերել նրանց, ովքեր գտնվում են նեղության մեջ», — արձանագրեց նա։

Լոնդոնի Ղպտի Ուղղափառ Եկեղեցու արքեպիսկոպոս Անգելոսը համերաշխություն հայտնեց Հայ Եկեղեցու և Հայաստանի ժողովրդի հետ այս դժվարին ժամանակաշրջանում և ընդգծեց կրոնական ազատության պահպանման կարևորությունը՝ որպես ժողովրդավարական և արդար հասարակության հիմնարար արժեք։

Արարողությունն ավարտվեց սիրո ողջույնի փոխանցմամբ և էկումենիկ միության ճանապարհով միասին քայլելու նոր հանձնառությամբ։