Միանշանակ ես եկեղեցու բանալին չեմ հանձնելու ոչ իրենց, ոչ ոքի, քանի դեռ իմ թեմի առաջնորդից՝ հայր Ռուբենից, հրահանգ չկա։ Վերջ։ Մնացածը հակաօրինակ է, հակականոնական։ 24News-ի հետ զրույցում այսպես արձագանքեց Մասյացոտնի թեմի Սուրբ Սահակ–Մեսրոպ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արտաշես քահանա Հակոբյանը՝ անդրադառնալով համայնքի ժամանակավոր պաշտոնակատարի և եկեղեցու բարերարի կողմից առավոտյան իր նկատմամբ իրականացրած հերթական ճնշումներին, ինչպես նաև հավելեց. «Մի օր, հուսանք, օրենքի երկիր կլինի, և պատասխան կտան բոլորը իրենց արածների համար»։
Տեր Արտաշեսը նշեց, որ ընդամենը 1 օր առաջ Ոսկետափ բնակավայրի պաշտոնական էջից հայտարարություն եղավ, որ մի խումբ հավատացյալներ՝ ի դեմս բարերարի, չեն կիսում իր կարծիքը, քանի որ չի միացել Նիկոլ Փաշինյանի «բարենորոգման» ծրագրին։
«Դրանից հետո սոցցանցի էջում սկսվեց, կոպիտ ասած, մենամարտ՝ դեմ-կողմ։ Բնականաբար, այնտեղ պարտություն կրեցին։ Հիմա այսօր առավոտյան ես զանգել եմ բարերարի որդուն, ուզում էի հասկանալ՝ իրենք կիսո՞ւմ են այդ կարծիքը, եթե իրենց անունը շեշտված է հայտարարության մեջ»,– մանրամասնեց եկեղեցու հոգևոր հովիվը։
Քահանայի խոսքով՝ ինքը եկեղեցում է եղել, երբ եկել են բարերար Համլետ Գորոյանը ու եղբայրը, ինչպես նաև համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Նշան Հովհաննիսյանը, որը հանդիսանում է նաև Վեդիի համայնքապետ Գարիկ Սարգսյանի տեղակալը, ինչպես նաև գյուղից մեկ-երկու հոգի, ովքեր ոչինչ չեն խոսել։
«Սկզբից հանգիստ խոսեցինք։ Իրենք կարծես թե նոր նշանակում էին անում՝ հանում էին ինձ եկեղեցուց, ասում էին՝ եկեղեցու բանալիները պետք է հանձնես, գնաս, քանի որ եկեղեցին բարերարինն է։ Ասում եմ՝ դե թուղթ ցույց տվեք, որ եկեղեցին ձերն է, որովհետև Մայր Աթոռին է պատկանում հողը, որի վրա կառուցված է եկեղեցին։ Ես վկայականն էլ ունեմ»,– պատմեց Տեր Արտաշեսը։
Մասյացոտնի թեմի քահանան նշել է, որ չի լքելու իրեն հանձնված եկեղեցին՝ իր խրամատը։
«Ես ասացի, որ ժողովուրդը պաշտպան է եկեղեցուն, դուք ինչպես ճիշտ եք գտնում՝ արեք, բայց նշել եմ նաև, որ դիպչում են մարդկանց հոգևոր զգացմունքներին, որի իրավունքը չունեն։ Երբ արդեն խոսելու ընթացքում տոն բարձրացրին, մտան անձնական դաշտ՝ ոչ միայն իմ, այլ նաև եկեղեցու ծառայողների, ես սարկավագին ասացի, որ այս ամենը տեսաձայնագրի։ Այդ ամենը լսելուց հետո ասացին՝ չէ-չէ, կարիք չկա, ու նշեցին, որ 1 ժամից գալու են, եկեղեցու դռների փականները կոտրեն, փոխեն, պարագաներն էլ, իրերն էլ հանեն եկեղեցուց, դուրս դնեն»,– ասաց Ոսկետափի եկեղեցու հոգևոր հովիվը։
Քահանան դժվարացավ պատասխանել, թե ինչ կլինի 1 ժամ հետո, բայց ասաց, որ գիտի՝ ժողովուրդը այդ հայտարարությունները տեսել է և կամաց-կամաց համախմբվում է եկեղեցու շուրջ։
Հիշեցնենք, որ դեռ օրեր առաջ Մասյացոտնի թեմի Սուրբ Սահակ–Մեսրոպ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արտաշես քահանա Հակոբյանը հայտարարել էր, որ միանում է Նիկոլ Փաշինյանի եկեղեցու բարենորոգման ծրագրին, ապա մեկ օր անց նշել, որ դա ասել է արտաքին ճնշման պատճառով, և որ այդ հայտարարությունը չի արտահայտում իր իրական միտքն ու համոզումները, ինչպես նաև հայտնել, որ վերահաստատում է Մասյացոտնի թեմի հոգևորականների 17.01.2026 թ. հայտարարությունը։
Իսկ քիչ առաջ էլ Մասյացոտնի թեմը հայտարարություն տարածեց, որ Ոսկետափում շարունակվում են ճնշումները Սուրբ Սահակ–Մեսրոպ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արտաշես քահանա Հակոբյանի նկատմամբ։ Նման գործողությունները թեմը որակել է անօրինական և անթույլատրելի միջամտություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին կյանքին և հոգևորականների ծառայությանը։
Մերի Մանուկյան









