Ազգային ժողովի՝ հունվարի 23-ին արտահերթ նիստին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց ««Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը:
Քվեարկության արդյունքում նախագծին կողմ քվեարկեց 66 պատգամավոր, դեմ՝ 2, ձեռնպահ՝ 0:
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հունվարի 23-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը հեղինակել են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արուսյակ Ջուլհակյանը, Վլադիմիր Վարդանյանն ու Լիլիթ Մինասյանը:
Հիմնական զեկուցող Արուսյակ Ջուլհակյանը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում կատարվել է մեկ փոփոխություն: Առաջարկվել է հավատարմագրված դիտորդների ցանկում փոփոխություններ եւ լրացումներ կատարել ոչ ուշ, քան քվեարկության օրվանից 3 օր առաջ, բացառությամբ այն դեպքի, երբ Հայաստանի Հանրապետությունում գրանցված հասարակական կազմակերպության կամ հիմնադրամի հավատարմագրված դիտորդների ցանկը լրացվում է ՀՀ քաղաքացիություն չունեցող անձով, որը կարող է իրականացվել ոչ ուշ, քան քվեարկության օրվանից 15 օր առաջ:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գեւորգ Քոչարյանը տեղեկացրել է, որ Կառավարությունն օրենքի նախագծի վերաբերյալ առարկություններ չունի:
Զեկուցողները պատասխանել են հանձնաժողովի անդամների հարցերին:
Լրամշակված օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն:









