Foto

Թերլիցքավորումներ՝ վառելիքի շուկայում. Տեսչական մարմինը ստուգումներ է իրականացրել

Շուկայի վերահսկողական տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը ամփոփել է 2025 թվականի ընթացքում իրականացված աշխատանքները։

Նրա փոխանցմամբ՝ տարվա ընթացքում տեսչական մարմինը ստուգումներ է իրականացրել ավտոմոբիլային բենզինի և դիզելային վառելիքի, հեղուկացված ածխաջրածնային գազերի մի շարք վաճառակետերում, ինչպես նաև ավտոգազալիցքավորման կայաններում (ԱԳԼՃԿ)։

Իրականացված ստուգումների արդյունքում արձանագրվել են հետևյալ ցուցանիշները․

բենզինի և դիզելային վառելիքի ոլորտում իրականացված 46 ստուգումից 19 դեպքում արձանագրվել է չափագիտական խախտում, ինչը կազմում է 41.3 տոկոս,

հեղուկ գազի ոլորտում 67 ստուգումից 37-ում գրանցվել է խախտում՝ 55 տոկոս,

ԱԳԼՃԿ-ներում իրականացված 115 ստուգումից 33 դեպքում արձանագրվել է չափագիտական խախտում՝ 28.7 տոկոս։

Արմեն Կոտոլյանը նշեց, որ բոլոր այն վաճառակետերում, որտեղ հայտնաբերվում է վառելիքի թերլիցքավորում, որպես հանրային իրազեկման և տնտեսվարողների պատասխանատվության մեխանիզմ, կիրառվում է հատուկ միջոցառում։

Մասնավորապես, վառելիքաբաշխիչ աշտարակների վրա մեկ ամիս ժամկետով փակցվում է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» գրությունը, որը նպատակ ունի ինչպես սպառողին տեղեկացնել, այնպես էլ կանխարգելել հետագա խախտումները։