Foto

Իսպանիայի վարչապետը եռօրյա սուգ է հայտարարել գնացքների ողբերգական վթարից հետո

Իսպանիայի կառավարությունը եռօրյա սուգ է հայտարարել Անդալուսիայի ինքնավար համայնքի Կորդոբա նահանգում երկու գնացքների բախման հետևանքով 39 մարդու զոհվելու կապակցությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Sky News պարբերականը։

Ըստ հրապարակման՝ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը, որն այցելել է վթարի վայր, հայտարարել է, որ ազգային եռօրյա սուգը կսկսվի կեսգիշերից։

Վարչապետը նաև խոստացել է պարզել վթարի պատճառները։

Շուրջ 170 մարդ վիրավորվել է, որոնցից 48-ը դեռ հիվանդանոցում են։

Վթարը տեղի է ունեցել հունվարի 18-ի երեկոյան, երբ Մալագա-Մադրիդ երթուղով ընթացող գնացքը դուրս է եկել գծերից և հայտնվել հարակից գծերի վրա, որոնցով ընթանում էր Մադրիդից Ուելվա մեկնող գնացքը։ Հարվածի հետևանքով այս գնացքը նույնպես դուրս է եկել գծերից։

Երկու գնացքում եղել է շուրջ 400 ուղևոր։ Վթարի պատճառը դեռևս հայտնի չէ: Իսպանիայի տրանսպորտի նախարարն ավելի վաղ հայտնել էր, որ «շատ տարօրինակ» է, որ գնացքը գծերից դուրս է եկել երկաթգծի ուղիղ հատվածում, որի վերանորոգման համար մայիսին հատկացվել էր 700 միլիոն եվրո։ Ըստ նախարարի՝ նոր էր նաև գնացքը:

Զոհերի և վիրավորների մեծ մասը եղել են Ուելվա ուղևորվող գնացքի առջևի վագոններում։ Զոհերի մի մասին դեռ չի հաջողվել նույնականացնել։