Foto

Մակրոնը պաշտպանության խորհրդի նիստ է հրավիրել՝ քննարկելու Գրենլանդիայի շուրջ ստեղծված իրադրությունը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հունվարի 19-ին պաշտպանության և անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել՝ քննարկելու Գրենլանդիայի շուրջ ստեղծված իրավիճակը և մի շարք այլ միջազգային հարցեր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է BFMTV հեռուստաալիքը։

Նշվում է, որ բացի Գրենլանդիայից, կքննարկվի նաև իրադրությունը Սիրիայում և Իրանում։

Գրենլանդիան մտնում է Դանիայի Թագավորության կազմի մեջ։ Սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ կղզին պետք է դառնա ԱՄՆ-ի մաս։ Դանիան և Գրենլանդիան դեմ են արտահայտվել դրան, իսկ եվրոպական երկրներն իրենց համերաշխությունն են հայտնել Դանիային։

ՆԱՏՕ-ի գծով մի շարք եվրոպական գործընկեր երկրներ իրենց զինվորականներին ուղարկել են Գրենլանդիա՝ զորավարժությունների մասնակցելու։

Թրամփն ավելի վաղ հայտարարել էր փետրվարից Դանիայի, Նորվեգիայի, Շվեդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Նիդեռլանդների և Ֆինլանդիայի դեմ 10% մաքսատուրք սահմանելու մասին, որը հետագայում կբարձրանա մինչև 25% և կգործի մինչև ԱՄՆ-ի կողմից Գրենլանդիան գնելու գործարքի կնքումը:

Թրամփը նաև հաղորդագրություն է ուղարկել Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստյորեին՝ նշելով, որ Նոբելյան մրցանակ չստանալուց հետո այլևս պարտավոր չէ մտածել խաղաղության մասին: