Foto

ԱՄՆ-ն պատրաստվում է զորքեր ուղարկել Մինեսոտա՝ բողոքի ցույցերը ճնշելու համար․ ԶԼՄ

ԱՄՆ բանակի մոտ 1500 զինծառայողի հրաման է տրվել պատրաստվել Մինեսոտա տեղակայվելուն, որտեղ շարունակվում են ներգաղթի վերահսկողության դեմ բողոքի ցույցերը։ Այս մասին հայտնել է ամերիկյան The Washington Post  թերթը՝ հղում անելով ԱՄՆ պաշտպանության նախարարության անանուն պաշտոնյաներին։


Նրանց տվյալներով՝ կարող են ներգրավվել 11-րդ օդադեսանտային դիվիզիայի երկու հետևակային գումարտակներ, հայտնում է DW-ն։ Նրանք տեղակայված են Ալյասկայում և սովոր են ցրտերին։ Այժմ հյուսիսային Մինեսոտա նահանգում ցերեկը մոտ -15°C է, իսկ գիշերը՝ -20°C-ից ցածր։



ԱՄՆ Պաշտպանության նախարարության աշխատակիցը՝ WP-ի հետ զրուցելիս զորքերի նախապատրաստումն անվանել է «ողջամիտ պլանավորում» և նշել, որ վերջնական որոշում դեռ չի կայացվել։ Ինչպես գրում է պարբերականը, ցույցերը ճնշելու համար զինվորականներին ուղարկելը 1992 թվականից ի վեր առաջին նման դեպքը կլինի։ Այն ժամանակ զինվորականները ցրում էին Լոս Անջելեսի անկարգությունները։

Հունվարի 15-ին Դոնալդ Թրամփը TruthSocial սոցիալական ցանցում բացահայտ գրել է, որ կարող է կիրառել ԱՄՆ 1807 թվականի «Ապստամբության մասին օրենքը», որը թույլ է տալիս բանակն օգտագործել երկրի ներսում։ Մինեսոտայի ցուցարարներին հանրապետականն անվանել է «խռովարարներ»։

Մինեսոտայի բնակիչներն ամեն օր բողոքի ակցիաներիեն դուրս գալիս այն բանից հետո, երբ հունվարի 7-ին ներգաղթի ոստիկանության (ICE) գործակալը Մինեապոլիսում իրականացված ռեյդի ժամանակ գնդակահարել է ԱՄՆ քաղաքացի Ռենե Նիկոլ Գուդին։ Քաղաքի և նահանգի իշխանությունները հանդես են եկել ներգաղթի ոստիկանության գործողությունների դեմ։ Մինեապոլիսի քաղաքապետ, դեմոկրատ Ջեյկոբ Ֆրեյը ICE-ի գործակալներից պահանջել է «հեռանալ քաղաքից»՝ հայտարարելով, որ նրանց գործողությունները սպառնալիք են ներկայացնում բնակիչների անվտանգության համար։

Միևնույն ժամանակ, ԱՄՆ արդարադատության նախարարությունը հետաքննություն է սկսել Ֆրեյի և Մինեսոտայի նահանգապետ, դեմոկրատ Թիմ Ուոլզի նկատմամբ։ Նրանք կասկածվում են ներգաղթի ոստիկանության գործունեությանը խոչընդոտելու նպատակով դավադրության մեջ։

Ուոլզը հայտարարել է, որ դատական համակարգի օգտագործումը քաղաքական հակառակորդների դեմ ավտորիտար գործելաոճ է։ Նրա խոսքով՝ միակ մարդը, ով Ռենե Գուդի մահվան կապակցությամբ հետաքննության առարկա չի դարձել, մնում է հենց այն դաշնային գործակալը, ով նրա դեմ զենք է կիրառել։

news.am