Foto

Իրանում ձերբակալել են անկարգությունների 3000 մասնակցի

Իրանի իրավապահ մարմինները ձերբակալել են մոտ 3000 մարդու, որոնք մեղադրվում են ահաբեկչական խմբավորումների հետ կապերի և զանգվածային անկարգությունների մասնակցության համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը։

Դեկտեմբերի 28-ից Իրանում լայնածավալ ցույցեր են տեղի ունեցել իրանական ռիալի կտրուկ արժեզրկման և մեծ գնաճի ֆոնին։ Հակակառավարական ցույցերն ուղեկցվել են բախումներով և անկարգություններով։ Արևմտյան լրատվամիջոցները, վկայակոչելով իրավապաշտպան խմբերին, հայտնել են ավելի քան 2500 զոհի մասին, սակայն Իրանի ԱԳ նախարարը FoxNews-ի հետ հարցազրույցում նշել է, որ զոհերի թիվը մի քանի հարյուր է։

Իրավապաշտպան խմբերը նաև հայտնել էին ավելի քան 18 000 մարդու ձերբակալության մասին։

Իշխանությունները հայտնել են իրավապահ մարմինների մոտ 40 աշխատակցի մահվան մասին։

Հունվարի 8-ից, Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի խոսքով, ցուցարարների շարքերում հայտնվել են զինված ահաբեկիչներ։ Իրանի ղեկավարությունն անկարգությունների կազմակերպման պատասխանատվությունը բարդել է Իսրայելի և Միացյալ Նահանգների վրա: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ նախազգուշացրել է, որ լրջորեն քննարկում է Իսլամական Հանրապետության դեմ ուժի կիրառման հնարավորությունը: