Հայաստանի կառավարությունն ու քաղաքապետարանը Երևանի սիմվոլիկ ու ամենաթանկ հատվածներից մեկի՝ Կասկադի վերնամասի վերակառուցման ներդրումային ծրագիրը վստահել են մի կոնսորցիումի, որի ներդրողներից մեկը 4 տարի առաջ դատարանով սնանկ է ճանաչվել, բացի այդ տարբեր տարիներ դատական գործընթացների մեջ է հայտնվել ինտերնետային ծառայությունների համար չվճարած գումարի, չկատարած վարկային պարտավորությունների պատճառով։ Գրում է Ազատությունը։
Կասկադի վերակառուցման մրցույթը հաղթել է «Ջի թի բի դիվելոփմենթ» ընկերությունը, որի սեփականատերը Գրիգոր Տեր-Ղազարյանն է՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի եղբոր փեսան։ «Ջի թի բի դիվելոփմենթը» ծրագիրն իրականացնելու համար կոնսորցիում է ստեղծել ԱՄՆ-ում գրանցված երկու բեռնափոխադրող ընկերությունների, ինչպես նաև նորաստեղծ «Ռեալ ջի» և «Ջի թի բի դիվելոփմենթ» ընկերությունների հետ։ Վերջին երկուսի հիմնադիրն ու սեփականատերը կրկին Տեր-Ղազարյանն է։
Կասկադի վերակառուցման մրցույթի պայմաններում քաղաքապետարանը սահմանել էր, որ մրցույթի մասնակիցը վերջին 7 տարում պետք է կառուցապատած լիներ առնվազն 30 հազար քառակուսի մետր, ներկայացներ դա հավաստող փաստաթղթեր։ Մյուս հիմնական պայմանն այն է, որ մրցույթի մասնակցի վերջին երեք տարվա համախառն շրջանառությունը չպետք է պակաս լիներ 20 միլիարդ դրամից։
Կառավարության կողմից հաստատված և Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող Կասկադի վերին հատվածի վերակառուցման ծրագրով նախատեսվում է, որ տարածքի շուրջ 7 հեկտար հողերը կօտարվեն «Ջի թի բի դիվելոփմենթ» ընկերությանը՝ 10.5 միլիարդ դրամով, բացի այդ ընկերությունը պարտավորվել է ավելի քան 20 միլիարդի ներդրումներ կատարել տարածքի կառուցապատման ու զարգացման համար։ Կողմերը ընդհանուր ծրագիրը գնահատել են 70 միլիոն դոլար։ «Ջի թի բի դիվելոփմենթ»-ը նաև պարտավորվել է 1000 հոգու համար նախատեսված համերգասրահ ու թանգարան կառուցել տարածքում ու հանձնել այն քաղաքապետարանին։
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։









