Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն իր առաջին այցով Հնդկաստանում է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է երկրի ԱԳ նախարարության ներկայացուցիչ Ռանդհիր Ջայսվալը։
«Դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցը պաշտոնական այցով ժամանել է Ահմեդաբադ… Հնդկաստանը և Գերմանիան նշում են դիվանագիտական հարաբերությունների 75-ամյակը և ռազմավարական գործընկերության 25-ամյակը։ Կանցլեր Մերցի այցը և այսօր ավելի ուշ վարչապետ Նարենդրա Մոդիի հետ նրա հանդիպումն էլ ավելի կամրապնդեն Հնդկաստանի և Գերմանիայի միջև գործընկերությունը», - գրել է դիվանագետը X սոցցանցում՝ հրապարակելով Ահմեդաբադի օդանավակայանում Մերցի ժամանման և օդանավակայանում նրան դիմավորելու լուսանկարները։
PTI գործակալության տվյալներով, Ահմեդաբադ ժամանելուց հետո Մերցին միացել է վարչապետ Մոդին. երկու պետությունների ղեկավարները, մասնավորապես, այցելել են աշրամ, որը Մահաթմա Գանդին հիմնադրել է Սաբարմատի գետի ափին։
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Հնդկաստանի ԱԳՆ-ն, Մերցն այցի ընթացքում կլինի Ահմեդաբադում և Բանգալորում։ Սպասվում է, որ Հնդկաստանի և Գերմանիայի ղեկավարները կամփոփեն այն առաջընթացի արդյունքները, որն այս պետությունների միջև ձեռք է բերվել ռազմավարական գործընկերության տարբեր ոլորտներում:
«Քննարկումը կկենտրոնանա նաև առևտրի ու ներդրումների, տեխնոլոգիաների, կրթության, մասնագիտական պատրաստության բնագավառում համագործակցության հետագա խորացման, ինչպես նաև պաշտպանության ու անվտանգության, գիտության, նորարարությունների և հետազոտությունների, կանաչ և կայուն զարգացման վրա», - հաղորդել է Հնդկաստանի ԱԳ նախարարությունը։
Մոդին և Մերցը նաև կհանդիպեն բիզնեսի և արդյունաբերության առաջնորդների հետ և կարծիքներ կփոխանակեն տարածաշրջանային ու գլոբալ նշանակության հարցերի շուրջ։









