Foto

Թալինի եկեղեցում տեղի ունեցած հանցագործությունը կրկին ծածկադմփոց են անում

Հունվարի 6-ին՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Սուրբ Ծննդյան և Հայտնության տոնին, Թալին քաղաքում տեղի ունեցավ միջադեպ, որը լուրջ մտահոգություններ է առաջացնում թե՛ իրավական, թե՛ հանրային արժեքների պաշտպանության տեսանկյունից, սակայն կարծես, սովորական լրահոսնի նման ընկալվեց։ Արագածոտնի մարզպետարանի և Թալինի համայնքապետարանի աշխատակիցները, ոստիկանության ծառայողների աջակցությամբ, խոչընդոտեցին Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու գործող քահանային մատուցել Սուրբ և Անմահ Պատարագը։

Սուրբ Ծնունդը Հայ Առաքելական Եկեղեցու կարևորագույն տոներից է։ Այդ օրը քահանայի մուտքը եկեղեցի արգելելը և իրական ծեսի կատարումը կանխելը բազմաթիվ հավատացյալների համար ընկալվեց ոչ միայն որպես վարչական միջամտություն, այլ որպես ուղիղ հարված հավատքի ազատությանը։

Տեղի ունեցածը մինչ այս պահը որևէ իրավական գնահատական չի ստացել։ Չկա հարուցված քրեական վարույթ, և իրենց ժողովրդավարության բաստիոն հռչակած իշխանության որևէ ներկայացուցիչ հրապարակային կերպով չի դատապարտել քահանայի մուտքը եկեղեցի արգելելու փաստը։

 Փաստաբան Արա Զոհրաբյանի գնահատմամբ՝ տեղի ունեցածը իրավական առումով ՀՀ քրեական օրենսգրքի 209-րդ հոդվածում նկարագրված հանցագործություն է: Այն է՝ Խղճի կամ դավանանքի ազատության իրավունքի իրականացումը խոչընդոտելը։

Սակայն իրավական հարթությունից զատ, տեղի ունեցածն ունի նաև խոր հոգևոր հետևանքներ։ Եկեղեցական կանոններով՝ կարգալույծ հոգևորականի կողմից կատարված արարողությունը չի կարող համարվել Սուրբ Պատարագ և հանգեցնում է Սուրբ Խորանի պղծման՝ պահանջելով հատուկ սրբագործման կարգ։

Այս միջադեպը վեր է մեկ համայնքի կամ մեկ հոգևորականի հարցից։ Այն շոշափում է պետություն–եկեղեցի հարաբերությունների նուրբ սահմանը, ազգային ինքնության հիմնասյուներից մեկի պաշտպանվածությունը և քաղաքացիների հավատքի ազատության իրավունքը։ Երբ պետական մարմինների ներկայացուցիչները և ոստիկանությունը ներգրավված են եկեղեցական ծեսի խափանման մեջ, հասարակության մեջ ներքին խնդիրներն ավելի խորն արմատներ են գցում։

Հունվարի 6-ը պետք է լիներ միասնության, հավատքի և հոգևոր վերածննդի օր։ Փոխարենը այն դարձավ օր, երբ Սուրբ Տաճարի դռների առաջ կանգնեց ոչ թե հավատացյալը, այլ վարչական արգելքը։ Այստեղ կրկին հարցեր են առաջանում՝ ո՞վ և ե՞րբ է պատասխան տալու այս վարվող քաղաքականության համար։ Եվ մարդիկ, ովքեր այդ հարցերի ուղիղ հասցեատերն են, դեռ իրենք են պատասխաններ ակնկալում՝ ումի՞ց և ի՞նչ պատասխաններ դեռ չեն հստակեցրել։