Foto

Որևէ իշխանություն չի կարող իրեն վերապահել ոտնահարել սրբավայրը, դատապարտված են Աստծու առաջ

Որևէ իշխանություն չի կարող իրեն վերապահել ոտնահարել սրբավայրը, խաթարել եկեղեցական կարգը․
Արագածոտնի թեմի կալանավորված առաջնորդ

Արագածոտնի թեմի կալանավորված առաջնորդ՝ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի հայտարարությունը՝ կալանավայրից․

«2025 թ․ դեկտեմբերի 31-ին Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցածը պարզապես միջադեպ կամ թյուրիմացություն չէր․ դա բացահայտ, գիտակցված և համակարգված սրբապղծություն էր՝ ուղղված Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, նրա նվիրական կարգի, սրբավայրի անձեռնմխելիության և հավատավոր ժողովրդի հոգևոր արժանապատվության դեմ։

Թալինի քաղաքապետ Տավրոս Սափեյանի և կարգալույծ Արամայիս Թախմազյանի կողմից կազմակերպված, իսկ իրավապահ մարմինների անմիջական հովանավորչությամբ իրականացված այս գործողությունը հանդիսանում է կոպիտ ապօրինություն, իշխանական կամայականության և հակաեկեղեցական մտածողության վտանգավոր դրսևորում, երբ սրբապղծությունն ու բռնությունը փորձում են ներկայացվել որպես «օրինական գործողություն»։

Սրբավայր ներխուժելը, եկեղեցական կարգի ոտնահարումը և հոգևոր իշխանության բացահայտ անտեսումը ոչ միայն հակասում են ՀՀ Սահմանադրությանը և օրենքին, այլ նաև վկայում են պետական մտածողության լուրջ խաթարման մասին։ Սա փողոցային ճնշման, սադրանքի և հոգևոր արժեքների դեմ ուղղված ագրեսիայի օրինակ է, որը քայքայում է հասարակական համերաշխությունը և վտանգում իրավական պետության հիմքերը։

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հազարամյակների ընթացքում եղել և մնում է հայ ժողովրդի ինքնության, գոյատևման և բարոյական դիմադրության միակ սյունը։ Նա կանգնած է եղել ժողովրդի կողքին պետականության կորստի և վերածննդի բոլոր փուլերում, երբեմն՝ ի հեճուկս բռնապետությունների ու հալածանքների։ Այս Եկեղեցին երբեք չի ղեկավարվել քաղաքական քմահաճույքներով, սակայն մշտապես պաշտպանել է ճշմարտությունը, արդարությունը և մարդու արժանապատվությունը։

Այսօր, ցավոք, ականատես ենք լինում փորձերի՝ սրբությունը ստորացնելու, եկեղեցական կարգը ոտնահարելու, և քրեորեն հետապնդելի արարքներն անպատիժ թողնելու։

Աստվածաշունչը հստակ արձանագրում է, որ․ «Արդարությունը բարձրացնում է ազգը, իսկ մեղքը ազգեր է նվաստացնում» (Առակներ ԺԴ․ 34)։

Վճռականորեն դատապարտում եմ տեղի ունեցածը և հայտարարում, որ որևէ իշխանություն, որևէ պաշտոնյա կամ կարգալույծ անձ չի կարող իրեն վերապահել իրավունք՝ ոտնահարելու սրբավայրը, խաթարելու եկեղեցական կարգը և վիրավորելու հավատավոր ժողովրդի հոգևոր զգացմունքները։

Միևնույն ժամանակ կոչ եմ անում մեր հավատավոր ժողովրդին և նվիրյալ հոգևորականներին՝ չտրվել սադրանքներին, բայց նաև երբեք չհրաժարվել ճշմարտությունից, մնալ խաղաղ՝ սակայն հաստատուն, համբերատար՝ սակայն անզիջում։

Ինչպես ասում է Տերը․ «Մի՛ վախեցեք նրանցից, ովքեր մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող» (Մատթ․ Ժ․ 28)։

Հայ Եկեղեցին չի վախեցել անցյալում և չի վախենա նաև այսօր։ Սրբությունը չի պաշտպանվում աղմուկով, այլ՝ ճշմարտությամբ, հավատքով և միասնականությամբ։ Իսկ սրբապղծությունը, որքան էլ ժամանակավորապես ծածկվի պաշտոնեական շղարշով, դատապարտված է պատմության և Աստծու արդար դատաստանի առաջ։

Թող Ամենակալ Տերը լուսավորի խավարած խղճերը, զորացնի մեր ժողովրդին և անխախտ պահի Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին։

Քրիստոս ծնաւ եւ յատնեցաւ

Ձեզ և Մեզ Մեծ Աւետիս»։