Չինաստանը ձգտում է ընդլայնել տնտեսական և առևտրային համագործակցությունն Իռլանդիայի հետ, ինչը կհանգեցնի փոխշահավետ արդյունքների։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով չինական Xinhua լրատվական գործակալությունը, այս մասին հունվարի 5-ին Պեկինում Իռլանդիայի վարչապետ Մայքլ Մարտինի հետ հանդիպմանն ասել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։
Նա ընդգծել է, որ Չինաստան-Իռլանդիա հարաբերությունների երկարաժամկետ և կայուն զարգացման համար «արժեքավոր փորձ» են փոխադարձ հարգանքը և փոխշահավետ արդյունքների հասնելը։ Ծինփինը Մայքլ Մարտինի հետ բանակցությունների ժամանակ նշել է, որ Չինաստանը և ԵՄ-ն պետք է կենտրոնանան երկարաժամկետ հեռանկարի վրա, օբյեկտիվ և ռացիոնալ մոտեցում ցուցաբերեն իրենց տարաձայնություններին և ձգտեն փոխադարձ շահեկան համագործակցության։
«Հուսով ենք, որ Իռլանդիան կառուցողական դեր կխաղա Չինաստան-ԵՄ հարաբերությունների առողջ և կայուն զարգացման գործում», - ասել է Ծինփինը՝ նկատի ունենալով, որ այս տարվա երկրորդ կեսին Իռլանդիան ստանձնելու է ԵՄ Խորհրդի նախագահությունը։
Xinhua-ի փոխանցմամբ, Չինաստանի ղեկավարը հայտնել է, որ իրենք հետաքրքրված են համագործակցելու Իռլանդիայի հետ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են արհեստական բանականությունը, թվային տնտեսությունը, դեղագործությունը, ինչպես նաև զբոսաշրջությունը։
Մայքլ Մարտինը, ով վերջին 14 տարիներին Պեկին այցելած առաջին իռլանդացի վարչապետն է, նշել է, որ Իռլանդիան ճանաչում է Չինաստանի «անփոխարինելի դերն» աշխարհում՝ հատկապես կարևորելով նրա դերը խաղաղապահ ջանքերում։ Նա նաև հաստատել է Իռլանդիայի դիրքորոշումը բաց առևտրի վերաբերյալ։
«Մենք հավատում ենք, որ հիմնարար նշանակություն ունի, որ մենք փորձենք և աշխատենք բաց առևտրի ուղղությամբ՝ ճանաչելով աշխարհի փոխկախվածությունը», - նշել է նա՝ խոսելով Չինաստանի հետ առևտրային կապերի մասին։
Պեկինից Իռլանդիայի վարչապետը մեկնելու է Շանհայ։ Պետական այցը կավարտվի հունվարի 8-ին։









