Հակիրճ՝ «Հայասատանը ես եմ» նախաձեռնության 2025 թվականի գործունեության մասին: Այս մասին գրել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը:
«Նախաձեռնության կողմից մշակվել և կազմվել են դիմում-առաջարկներ՝ ամենատարբեր ոլորտային խնդիրների վերաբերյալ, առաջարկվել լուծումներ, որոնք ուղղվել են կառավարությանը: Ցավոք, սակայն, արձագանք ստացել են մեր ոչ բոլոր առաջարկները, և խնդիրների մի մասը շարունակում է մնալ չլուծված, մինչդեռ, եթե գործադիրը հետևեր մեր բոլոր առաջարկ-խորհուրդներին, շատ խնդիրներ կստանային լուծումներ՝ բարելավելով մեր բազմաթիվ հայրենակիցների կյանքի որակը։
Նախաձեռնվել են բազմաթիվ հանդիպումներ գիտական հանրույթի և գործարար հատվածի ներկայացուցիչների հետ: Ներկայացրել ենք մեր մոտեցումները, քննարկել ոլորտային խնդիրները և համատեղ մշակել լուծումներ։
Տարվա ընթացքում այցելել ենք Հայաստանի բոլոր մարզեր՝ քաղաքային բնակավայրերից մինչև սահմանամերձ գյուղեր՝ ծանոթացել բնակչության խնդիրներին ու մտահոգություններին, գույքագրել և առանձնացրել տեղային խնդիրները, որոնց բախվում են բնակիչները գրեթե ամեն օր՝ գյուղատնտեսությունից մինչև ենթակառուցվածքներ և այլն: Հրատապ լուծումներ պահանջող հարցերի մասով առաջարկություններ են ներկայացվել համապատասխան կառույցներին, իսկ ընդհանուր դրույթները ներառել Հայաստանի զարգացման մեր հայեցակարգում։
2025 թվականի մեր գործունեության առանցքային մաս է կազմել եկամուտների պարտադիր հայտարարագրման համակարգում փոփոխություններ անելու և հասարակության անհամաձայնությունն օրենքի նախագծի հանդեպ արտահայտելու գործընթացում: «Դեմ եմ հայտարարագրմանը» շարժման շրջանակում ամիսներ շարունակ՝ 24/7 ռեժիմով տրամադրել ենք անվճար խորհրդատվություն մեր բոլոր հայրենակիցներին։ Ընդհանուր գործունեության և հանրային մեծ ճնշման արդյունքում ստիպեցինք էական փոփոխությունների ենթարկել օրենքի մի շարք դրույթներ:
Հայաստանը ես եմ» նախաձեռնության անդամները մասնակցել են բազմաթիվ հարցազրույցների, ասուլիսների և քննարկումների, ներկայացրել հանրապետության առջև ծառացած խնդիրների և դրանց լուծումների վերաբերյալ մեր մոտեցումները:
Խնդիրները շատ են, ու այդ խնդիրների մի մասը պահանջում են քաղաքական լուծումներ և ավարտվող տարվա ընթացքում նախաձեռնության գործունեությունն էլ իր հերթին կրեց քաղաքական բնույթ, քանզի ակնհայտ էր, որ այլ կերպ շատ առանցքային խնդիրներ լուծում չեն ստանում։ Նույնը շարունակելու ենք նաև 2026 թվականին։
Արդեն իսկ հայտարարել ենք մեր հավակնությունների մասին և տեղեկացրել, որ մասնակցելու ենք 2026 թվականի համապետական ընտրություններին։ Այս մեծածավալ աշխատանքն էլ կիրականցնենք նոր տարում նոր ուժերով լցված»:









