Foto

5-ամյա տղայի մայրը պարբերաբար ծեծի է ենթարկել նրան

Դեկտեմբերի 25-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարաշի բաժնում օպերատիվ տեղեկություններ են  ստացվել, որ  Երևանի մսուր մանկապարտեզներից մեկում 5 տարեկան ավագ խումբ ընդունված տղա երեխայի նկատմամբ բռնություն է կատարվել։ Մսուր մանկապարտեզ ժամանած ոստիկանները պարզել են, որ տեղեկությունը հավաստի է, նրանք երեխայի վրա ամբողջությամբ հայտնաբերվել են կապտուկներ, ականջը վնասված, աչքի տակ և կողքը կապտած և երեխան դաստիարակներին հայտնել է, որ տանը եղբայրը և մայրը պարբերաբար ծեծի են ենթարկում իրեն, իսկ մանկապարտեզի տնօրենին երեխայի մայրը հայտնել է, որ երեխան կմեծանա, կմոռանա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն մսուր մանկապարտեզում  հոգեբանի ներկայությամբ երեխան պատմել է, որ իրեն վնասվածքները հասցրել է մայրը։

Ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողներին  երեխայի տատիկն ասել է, որ երեխային ծեծի է ենթարկել մայրը։ Ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում երեխայի 36-ամյա մայրը, Սաթենիկ Պ-ն ֆիզիկական ներգործություն և ֆիզիկական, հոգեկան տառապանք պատճառելու հիմնավոր կասկածով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Մարաշի բաժին։

Դեպքի փաստով ոստիկանության Մարաշի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջաններին քննչական բաժին։