Foto

Խոշոր չափի թմրամիջոցի իրացման դեպք է բացահայտվել․ 30-ամյա տղամարդը 50 փաթեթ է թաքցրել

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները համատեղ իրացնելով օպերատիվ տեղեկությունները՝ Երևան-Երասխ ճանապարհին հայտնաբերել, թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել և Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչություն են տեղափոխել Երևան քաղաքի 30 և 31-ամյա երկու բնակչի՝ վերջինիս վարած «Հյունդայի Էլանտրա» մակնիշի մեքենայով հանդերձ:

30-ամյա տղամարդը իրավապահներին նկատելով մեքենայի մեջ է նետել 710 գրամ մեթամֆետամին տեսակի թմրամիջոցով պոլիէթիլենային փաթեթ: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է նաև մոխրացած հետքերով կաթուցիչ:

Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է նաև, որ 30-ամյա տղամարդը Երևան քաղաքի տարբեր հատվածներում գտնվող թաքստոցներում տեղադրել է թմրամիջոցի 50 փաթեթ: Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք: 30-ամյա և 31-ամյա տղամարդիկ կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են նախաքննական մարմին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: