2026 թ. հունվարի 1-ից աշխատանքային պայմանագրերի կնքումը, դադարումը և փոփոխումը կիրականացվի բացառապես թվային համակարգով։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՍՀ նախարարությունից:
Կառավարության այսօրվա նիստում սահմանվել է մինչև 2026 թվականի հունվարի 1-ը կնքված և շարունակվող աշխատանքային պայմանագրերի, ինչպես նաև մինչև 2025 թվականի հուլիսի 1-ն ընդունված և գործող աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտերի թվային համակարգ մուտքագրելու կարգը․ թվարկվում են աշխատանքային պայմանագրի այն պայմանները, որոնք պետք է մուտքագրվեն համակարգ։
Ըստ այդմ, համակարգն ինքնաշխատ ստուգում կիրականացնի աշխատողի գրանցման հայտում առկա տեղեկատվության և մուտքագրվող աշխատանքային պայմանագրի տվյալների համադրմամբ։ Անհամապատասխանությունների առկայության դեպքում գործատուն համապատասխանեցում կիրականացնի՝ բացառությամբ մի քանի դեպքի, որոնք հնարավոր չէ հետադարձության ուժով փոփոխել։
Գործող աշխատանքային պայմանագրերը թվային ստորագրությամբ համակարգ կմուտքագրվեն 1 տարվա ընթացքում։









