Մոսկվայի Ելեցկայա փողոցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է երեք մարդ, այդ թվում՝ ճանապարհային ոստիկանության երկու աշխատակից, հայտնել է Ռուսաստանի քննչական կոմիտեն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։
Քննիչների տվյալներով՝ դեկտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը երկու ճանապարհային ոստիկանության աշխատակիցներ Ելեցկայա փողոցում ոստիկանական մեքենայի մոտ կասկածելի անձի են նկատել։
«Երբ նրանք մոտեցել են նրան ձերբակալելու, պայթուցիկ սարք է գործի դրվել։ Ստացած վնասվածքների հետևանքով մահացել են երկու ոստիկան, ինչպես նաև ոստիկանների մոտ կանգնած անձը», - ասվում է հաղորդագրության մեջ։
Դեպքը քննվում է ՌԴ Քրեական օրենսգրքի 317-րդ հոդվածով՝ իրավապահ մարմինների աշխատակցի սպանության փորձ և Քրեական օրենսգրքի 222.1-րդ հոդվածով՝ պայթուցիկ սարքերի անօրինական շրջանառություն։
Դեպքի վայրում աշխատում են Քննչական կոմիտեի Մոսկվայի գրասենյակի քննիչները և դատաբժշկական փորձագետները։
ՌԴ ներքին գործերի նախարարության Մոսկվայի վարչությունը խոստացել է աջակցություն տրամադրել զոհվածների ընտանիքներին։
Զոհված ոստիկան Իլյա Կլիմանովը 24 տարեկան էր, իսկ Մաքսիմ Գորբունովը՝ 25։ Վերջինս ամուսնացած էր, ունի ինն ամսական դուստր։









