Foto

Հայտնաբերվել է մեծ քանակությամբ ապօրինի որսած սիգ ձուկ․ ջրային պարեկների հերթական բացահայտումը

Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 08։30-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս ճանապարհի 16-րդ կմ-ին ջրային պարեկները կանգնեցրել են Կարճաղբյուր գյուղի բնակչի վարած «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենան, որի սրահում 85 հատ, 29 կգ ընդհանուր քաշով սիգ տեսակի ձուկ կար։ Վարորդն ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Մարտունու բաժին։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։
Նույն օրը՝ ժամը 09։05-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 57-րդ կմ-ին ջրային պարեկները կանգնեցրել են Սևանի բնակչի վարած «Օպելը»։
Բեռնախցիկից հայտնաբերվել է 247 հատ, 101,8 կգ ընդհանուր քաշով սիգ տեսակի ձուկ։ Տղամարդը մեքենայով հանդերձ տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Սևանի բաժին։
Դեկտեմբերի 18-ին ժամը 23-ի սահմաններում ջրային պարեկները Սևանա լճի վրա՝ թերակղզու հարակից տարածքում, ապօրինի ձկնագողության դեպք են բացահայտել։
Հայտնաբերվել են ձկնորսներ իրենց ձկնորսական նավակով, որում 73 հատ, 25,4 կգ ընդհանուր քաշով սիգ տեսակի ձուկ կար:
Հանգամանքները պարզվում են։