Foto

Հայաստանը եղել և մնում է կազմակերպության դաշնակիցը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Հայաստանը եղել և մնում է դաշնակից Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ), և դուռը բաց է հանրապետության լիարժեք մասնակցության համար։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։

«Հայաստանը եղել և մնում է մեր դաշնակիցը։ Մենք հույս ունենք, որ Հայաստանը մոտ ապագայում կվերադառնա ՀԱՊԿ-ին լիարժեք մասնակցության։ Դրա համար բոլոր պայմաններն ու նախադրյալները գոյություն ունեն։ Կարծում ենք, որ Հայաստանի ժողովուրդը հետաքրքրված է Եվրասիայում ընդհանուր անվտանգության տարածք ստեղծելով։ Ավելին, նոյեմբերին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն տարածեց, որ հանրապետության ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը սեղանին չէ», – ասել է նա՝ պատասխանելով կազմակերպությունից Հայաստանի դուրս գալու հնարավորության մասին հարցին։

«Ինչպես հայտնի է, ՀՀ-ն սառեցրել է իր աշխատանքը կազմակերպությունում, ինչը արտացոլում է Հայաստանի քաղաքական ղեկավարության ներկայիս դիրքորոշումը ՀԱՊԿ-ի վերաբերյալ։ Սա անկախ և ինքնիշխան պետության որոշում է, որի վրա ոչ մի այլ պետություն կամ կազմակերպություն չի կարող ազդել», – հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։

Աղբյուրը՝ 24news.am