ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Էդգար Արսենյանը և Գլխավոր դատախազության վարչության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Ծովակ Մնացականյանը Կատարի Պետությունում մասնակցել են ՄԱԿ‑ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի (UNCAC) անդամ երկրների համաժողովի 11‑րդ նստաշրջանին։ Այս մասին տեղեկանում ենք Դատախազությունից։
Այցի ընթացքում Էդգար Արսենյանն ու Ծովակ Մնացականյանը հանդիպել են Մոլդովայի գլխավոր դատախազի ղեկավարած պատվիրակությանը, քննարկել ընտրական հանցագործությունների քննության մեթոդիկան՝ նկատի ունենալով Մոլդովայի Հանրապետության լավագույն փորձն այս տեսակի հանցանքների քննության ոլորտում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են կոռուպցիոն հանցագործությունների բնագավառում երկու երկրների կողմից կիրառվող գործիքակազմերը, ինչպես նաև այդ ոլորտում երկկողմ համագործակցության արդյունավետությունը բարձրացնելու մեխանիզմները։
Դատախազության ներկայացուցիչները մասնակցել են «Ֆինանսական հանցագործությունների քննության բնագավառում արհեստական բանականության կիրառման հնարավորությունները» թեմայով քննարկմանը: Ներկայացվել են արհեստական բանականության կիրառմամբ նախաքննության իրականացման հնարավորությունները:
Էդգար Արսենյանն ու Ծովակ Մնացականյանը հանդիպել են նաև Արաբական Միացյալ էմիրությունների իրավապահ մարմինների ներկայացուցիչներին և քննարկել ՀՀ գլխավոր դատախազության կողմից ԱՄԷ ուղարկված իրավական օգնության միջնորդությունները:
Կատարի Պետություն կատարած այց շրջանակում Գլխավոր դատախազության ներկայացուցիչները մասնակցել են «Համագործակցություն կոռուպցիայի և հանցավորության դեմ» թեմատիկ քննարկմանը, որի ընթացքում ծանոթացել են մասնակից երկրների կոռուպցիայի դեմ պայքարի լավագույն փորձին, քննարկել են միջազգային համագործակցության առավել արդյունավետ համագործակցության հնարավորությունները։
Դատախազության ներկայացուցիչները հանդիպել են նաև Ինտերպոլի գրասենյակի ներկայացուցիչների հետ, քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։
ՄԱԿ‑ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի (UNCAC) անդամ երկրների համաժողովի շրջանակում Էդգար Արսենյանն ու Ծովակ Մնացականյանը մասնակցել են «Սեփականության իրական շահառուների թափանցիկություն․ պարտավորությունից դեպի ազդեցություն» թեմայով լսումների, որի ընթացքում ՀՀ պատվիրակության ներկայացուցչի կողմից ներկայացվել է ոլորտում կատարված աշխատանքը։
Դեկտեմբերի 18-ին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Էդգար Արսենյանը COSP11 գլխավոր միջոցառման ընթացքում ՄԱԿ անդամ երկրների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին է ներկայացրել ապօրինի գույքի բռնագանձման ոլորտում Հայաստանի Հանրապետության գրանցած արդյունքները, առկա մարտահրավերներն ու դրանց հաղթահարման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:









