«Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն ակնկալում է, որ եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը լինելու է կանոնական կարգով։
Մայր Աթոռում լրագրողների հետ զրույցում Կարապետյանը հայտարարեց՝ այս քայլով Նիկոլ Փաշինյանը աշխարհին ուզում է ցույց տալ, որ ինքը չի պայքարում եկեղեցու դեմ, բայց Հայաստանում ապրողները լավ գիտեն, որ պայքարում է եկեղեցու անկախության դեմ։
«Նա փորձում է ցույց տալ, որ սա ներեկեղեցական խնդիր է»,- ասաց նա։
Նարեկ Կարապետյանը վստահ է՝ եկեղեցու դեմ պայքարում Նիկոլ Փաշինյանին միացած ու «տիրադավ» անունը ստացած եպիսկոպոսները սպառնալիքներով են միացել Փաշինյանին։
«Նրանցից շատերին ճանաչում եմ, կարող եմ վստահ ասել՝ նրանց կարծիքը Նիկոլ Փաշինյանի մասին շատ ավելի ոչ դրական է, քան՝ շատ ընդդիմադիրներինը»,- նշեց Կարապետյանը։
Նա ասաց, որ Նիկոլ Փաշինյանը պառակտում է հայ հասարակությանը։
Կարապետյանը նշեց, որ Փաշինյանին չի ստացվելու քանդել եկեղեցին․
«Միակ մտավախությունս այն է, որ եկեղեցու տարբեր երեցներին կոմպրոմատներով կամ առանց դրա, քաշելով իրենց կողմը, իշխանությունը կգնա եկեղեցու պառակտմանը, իսկ եկեղեցին մնացել է մեր ազգային միասնության վերջին կետերից մեկը»։









