Foto

Բանկերի հարյուրավոր հաճախորդներ դարձել են զեղծարարությունների զոհեր. ԿԲ-ն պաշտոնական թվեր է տրամադրել


Վերջին ամիսներին Հայաստանում ավելի ու ավելի մեծ թվով մարդիկ են բարձրաձայնում բանկային զեղծարարությունների զոհ դառնալու մասին։ Քաղաքացիները հանկարծ պարզում են, որ իրենց անունով վարկ կա ձևակերպված։

Panorama.am-ի հետ զրույցում բանկերը հաստատել են, որ  զեղծարարությունների զոհեր են դարձել «Արդշինբանկ»-ի, «Ինեկոբանկ»-ի, «Արցախբանկ»-ի, ID բանկի, «Յունիբանկ»-ի հաճախորդներ։ Չենք բացառում, որ այլ բանկերի հաճախորդներ նույնպես դարձել են զեծարարությունների զոհեր։

Ի վերջո, կա՞ վիճակագրություն,  թե քանի մարդ է տուժել զեղծարարությունների հետևանքով, ինչո՞ւ են մարդիկ անկախ իրենց կամքից ու ցանկությունից դարձել ֆինանսական բեռի տեր, ո՞վ է թերացել իր աշխատանքում, ի՞նչ քայլեր են ձեռնարկվում տուժած քաղաքացիների աջակցության համար։

Այս ու այլ հարցեր Panorama.am-ն ուղղել է Կենտրոնական բանկին։

Panorama.am-2024թ-ի ընթացքում և 2025թ մինչև դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում բանկային զեղծարարություններից տուժած քանի՞ քաղաքացի է դիմել Կենտրոնական բանկ:
ԿԲշված ժամանակահատվածում Կենտրոնական բանկը ստացել է բանկային զեղծարարություններին առնչվող քաղաքացիների մոտ 300 դիմում և բողոք, որոնք դիտարկվել և ուսումնասիրվել են սահմանված կարգով՝ Կենտրոնական բանկի իրավասությունների շրջանակներում։


Panorama.am-Ինչպե՞ս են արտահայտվել այդ զեղծարարությունները, որքա՞ն է կազմում դրանց հետևանքով մարդկանց վնասները գումարային արտահայտությամբ: Ինչ լուծումներ են տրվել տուժած քաղաքացիների վնասի փոխհատուցման համար:
ԿԲ-Արձանագրված զեղծարարությունների հետևանքով առաջացած վնասները ունեցել են տարբեր չափեր՝ կախված կոնկրետ դեպքի հանգամանքներից։ Բանկային համակարգում զեղծարարությունների ընդհանուր գումարի չափը, ԿԲ գնահատականներով, գտնվում է 0.1%-ի շրջանակում՝ սպառողական վարկավորման ծավալների մեջ: Տուժած քաղաքացիների շահերի պաշտպանության նպատակով Կենտրոնական բանկը բանկերի հետ քննարկել է միջանկյալ լուծումներ՝ ներառյալ պարտավորությունների ժամանակավոր հետաձգումը և վարկային պահանջների չներկայացումը մինչև իրավական գործընթացների ավարտը։


Panorama.am-Ո՞ր առևտրային բանկերի հաճախորդներն են առավել շատ տուժել զեղծարարությունների հետևանքով:
ԿԲ-Կենտրոնական բանկի կողմից ստացված բողոքների ուսումնասիրության արդյունքում հնարավոր չէ առանձնացնել զեղծարարություններից առավել տուժած որևէ կոնկրետ առևտրային բանկ կամ բանկերի խումբ, քանի որ դեպքերը վերաբերում են ֆինանսական համակարգի տարբեր մասնակիցների հաճախորդներին։
Արձանագրված դեպքերը չեն վկայում որևէ մեկ բանկի համակարգային կամ առանձնահատուկ խոցելիության մասին։


Panorama.am-ԿԲ-ում կա՞ ուսումնասիրություն, վերլուծություն, թե ինչի հետևանքով են տեղի ունեցել զեղծարարությունները՝ բանկի կողմից՝ անվտանգության ու այլ միջոցառումները բավարար չափով ու մակարդակով չիրականացնելու, թե՞ քաղաքացիների ֆինանսական գրագիտության պակասի: Գուցե կա՞ն այլ պատճառներ ևս:
ԿԲ-Կենտրոնական բանկի կողմից իրականացված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ զեղծարարությունների առաջացման պատճառները բազմազան են, և դեպքերի զգալի մասում դրանք պայմանավորված են եղել զեղծարարների կողմից քաղաքացիներից խաբեությամբ անձնական և բանկային տվյալների, այդ թվում՝ գաղտնաբառերի, կորզմամբ։
Միևնույն ժամանակ Կենտրոնական բանկը կարևորում է ֆինանսական կազմակերպությունների կողմից տեխնոլոգիական և գործառնական պաշտպանության մեխանիզմների շարունակական ամրապնդումը՝ հաշվի առնելով զեղծարարության սխեմաների և տեխնոլոգիական ռիսկերի զարգացումը։


Panorama.am- Ինչպե՞ս է ԿԲ-ն պայքրելու դրանց դեմ, կանխարգելիչ ի՞նչ միջոցառումներ են ձեռնարկվում:
ԿԲ- Կենտրոնական բանկը զեղծարարությունների դեմ պայքարին մոտենում է համակարգային ձևով՝ ֆինանսական կազմակերպություններին առաջարկելով կիրառել առավել խստացված տեխնոլոգիական և գործառնական լուծումներ՝ հատկապես հեռահար նույնականացման և ծառայությունների մատուցման գործընթացներում, որոնց զգալի մասն արդեն ներդրված է և շարունակաբար կատարելագործվում է։
Միաժամանակ Կենտրոնական բանկը համագործակցում է իրավապահ մարմինների հետ և իրականացնում է հանրային իրազեկման միջոցառումներ՝ սպառողների ֆինանսական գրագիտության բարձրացման, ռիսկերի նվազեցման և կարգավորումների շարունակական կատարելագործման նպատակով։