Foto

Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցել է Սիդնեյի Բոնդի լողափում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի ընտանիքներին

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Ավստրալիայի Սիդնեյ քաղաքի Բոնդի լողափում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհվածների ընտանիքներին։

Համապատասխան ցավակցական գրառումը ՀՀ ԱԳ նախարարությունը կատարել է X-ի միկրոբլոգում։

«Ցնցված ենք Սիդնեյի Բոնդի լողափում տեղի ունեցած կրակոցներից, որոնք բազմաթիվ անմեղ կյանքերի կորստի պատճառ են դարձել։

Հայաստանը խստորեն դատապարտում է ահաբեկչությունն՝ իր բոլոր ձևերով և դրսևորումներով։ Մեր խորին ցավակցություններ ենք հայտնում զոհերի ընտանիքներին և աղոթում վիրավորների արագ ապաքինման համար»,-նշված է Հայաստանի ԱԳ նախարարության տարածած գրառման մեջ։

Հիշեցնենք, որ Ավստրալիայում Խանուկայի տոնակատարության ժամանակ դեկտեմբերի 14-ին Սիդնեյի Բոնդի լողափում կրակոցներ են տեղի ունեցել։ Արձակվել է առնվազն 50 կրակոց, որի հետևանքով վերջին տվյալների համաձայն՝ զոհվել է 16 մարդ։ Ոստիկանությունը հայտնել է, որ երկու հարձակվողներից մեկը սպանվել է, մյուսը` ձերբակալվել։