«Եվրատեսիլ 2024» երգի մրցույթի հաղթող, շվեյցարացի երգիչ Նեմոն հայտարարել է, որ կվերադարձնի իր գավաթը՝ ի նշան մրցույթին Իսրայելի մասնակցության դեմ բողոքի։
26-ամյա երգիչը շեշտել է, որ Իսրայելի մասնակցության և մրցույթի միասնության, ներառականության և արժանապատվության արժեքների միջև «ակնհայտ հակասություն» կա։
«Եվրատեսիլի» տնօրեն Մարտին Գրինն ասել է, որ կազմակերպությունը «զղջում է այս որոշման համար» և հարգում է Նեմոյի կարծիքը։
Գազայի պատերազմի և վերջին մրցույթում քվեարկության շուրջ վեճերի ֆոնին, վերջին տարիներին մրցույթում Իսրայելի ներկայությունը ավելի ու ավելի մեծ լարվածություն է առաջացնում։
Մի շարք երկրներ՝ Իսլանդիան, Իսպանիան, Իռլանդիան, Սլովենիան և Նիդերլանդները, արդեն իսկ հայտարարել են հաջորդ «Եվրատեսիլը» բոյկոտելու մասին՝ ասելով, որ չեն մասնակցի, քանի դեռ Իսրայելին թույլատրվում է մասնակցել մրցույթին։
Հիշեցնենք, որ Նեմոն առաջին ոչ բինար արտիստն է, որը հաղթել է «Եվրատեսիլում» «The Code» երգով, որը նվիրված է իր ոչ բինար ինքնության գիտակցմանը։
«Իսրայելի մասնակցության շարունակումն այնպիսի իրադարձությունների ժամանակ, որոնք ՄԱԿ-ի Անկախ միջազգային հանձնաժողովը որակել է որպես ցեղասպանություն, ցույց է տալիս ակնհայտ հակասություն այդ գաղափարների և EBU-ի որոշման միջև», - գրել է արտիստը՝ վկայակոչելով սեպտեմբերին հրապարակված հանձնաժողովի զեկույցը։
«Թեև անչափ շնորհակալ եմ մրցույթի համայնքին և այն ամենի համար, ինչ այս փորձն ինձ սովորեցրել է որպես անհատ և արտիստ, այնուամենայնիվ այսօր ես այլևս չեմ զգում, որ այս մրցանակը պետք է կանգնած լինի իմ դարակին», - հավելել է նա։
Իր գրառման մեջ Նեմոն նաև տեսանյութ է հրապարակել, որտեղ ինքը գավաթը դնում է ստվարաթղթե տուփի մեջ՝ նշելով, որ այն կուղարկվի Ժնևում գտնվող Եվրոպական հեռարձակողների միության (EBU) գլխավոր գրասենյակ։









