ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը Բելգիայի Թագավորություն աշխատանքային այցի շրջանակում մի շարք երկկողմ հանդիպումներ է ունեցել։
Արփինե Սարգսյանը Բրյուսելում հանդիպել է Մոլդովայի ՆԳ նախարար Դանիելլա Միսաիլ-Նիչիտինին։
Քննարկվել են կազմակերպված հանցավորության, հիբրիդային սպառնալիքների և կիբեռհանցագործությունների դեմ պայքարի ուղղությամբ համագործակցությանն առնչվող հարցեր։
Ընդգծվել է հատկապես կրիպտոարժույթով կատարվող հանցագործությունների բացահայտման ուղղությամբ կարողությունները զարգացնելու անհրաժեշտությունը։ Անդրադարձ է կատարվել նաև ՆԳՆ կրթական հաստատությունների փոխգործակցությանը վերաբերող հարցերի։
Եվրոպական սահմանային և ափամերձ տարածքների պահպանության գործակալության (FRONTEX) գործադիր տնօրեն Հանս Լեյտենսի հետ հանդիպմանը ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը կարևորել է ԵՄ հետ ակտիվ երկխոսությունը՝ ներկայացնելով վիզաների ազատականացման համատեքստում ընթացող բարեփոխումները։
Կողմերը քննարկել են սահմանների կառավարման և անվտանգության ոլորտին վերաբերող մի շարք հարցեր։
ՆԳ նախարարը անդրադառնալով բիոմետրիկ համակարգի ներդրման ուղղությամբ կատարված աշխատանքներին՝ ընդգծել է Հայաստան-ԵՄ հարաբերությունների շրջանակում դրանց ռազմավարական նշանակությունը։
Արփինե Սարգսյանը կարևորել է Ֆրոնտեքսի հետ բազմակողմանի համագործակցությունը և ընդգծել այն ընդլայնելու պատրաստակամությունը։
Հանս Լեյտենսը այցի համար շնորհակալություն հայտնելով նախարար Սարգսյանին՝ բարձր է գնահատել ՆԳ նախարարության հետ արդյունավետ համագործակցությունը։
Կողմերը փոխադարձ այցերը շարունակելու պայմանավորվածություն են ձեռք բերել։
Արփինե Սարգսյանը հանդիպել է նաև Բելգիայի Թագավորության անվտանգության և ներքին գործերի նախարար Բեռնար Կանտանի հետ։
Նախարար Սարգսյանն ընդգծել է երկու երկրների միջև ձևավորված գործընկերային հարաբերությունների ամրապնդման և շարունակական զարգացման կարևորությունը։
Հանդիպմանը քննարկվել են երկկողմ համագործակցության ընդլայնման, մասնավորապես՝ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների արդյունավետ փոխգործակցության, կրթական ոլորտում կարողությունների զարգացման ուղղությամբ հարցեր:
Նախարար Սարգսյանը նաև շփումներ է ունեցել Եվրոպոլի գործադիր տնօրեն Քեթրին դը Բոլի ու մի շարք այլ երկրների գործընկերների հետ։
Հիշեցնենք, որ Բրյուսել կատարած այցի շրջանակում ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը մասնակցել է Միգրանտների անօրինական միգրացիայի կազմակերպման դեմ պայքարի գլոբալ դաշինքի երկրորդ միջազգային համաժողովին, որին ներկա էին շուրջ 80 պատվիրակություններ։









