Այս գիշեր անկարգություններ են տեղի ունեցել Երևանում։
Ժամը 00։27-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ «Վերնիսաժի» մոտ Լեհաստանի Հանրապետության քաղաքացիները կոտրում են ամեն ինչ։
«ՀՈԳՎ Կենտրոնական բաժնից մեկնած հերթապահ խմբի և ոստիկանության գվարդիայի ծառայողները Խանջյան փողոցից, հասարակության հանդեպ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու և խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով, ձերբակալել և ոստիկանություն են տեղափոխել Լեհաստանի Հանրապետության 17 քաղաքացու։
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին»,- Aysor.am-ին հայտնեցին ՆԳՆ ոստիկանությունից։
Նշենք, որ երեկ Կոնֆերենցիաների լիգայի խաղարկությունում «Նոան» սեփական հարկի տակ 2։1 հաշվով հաղթանակի է հասել լեհական «Լեգիայի» նկատմամբ։ Ըստ ամենայնի, ձերբակալվածները եղել են ակումբի երկրպագուները։









