Foto

Ավստրալիայում երեխաներին և դեռահասներին արգելել են օգտվել սոցիալական ցանցերից

Ավստրալիայում ուժի մեջ է մտել օրենք, ըստ որի 16 տարեկանից փոքր անձանց արգելվում է մուտք գործել սոցիալական ցանցեր։ 

«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ երկրի ինտերնետ-կարգավորողի (eSafety) հայտարարության մեջ նշված է, որ դեկտեմբերի 10-ից Ավստրալիայում գործող սոցիալական ցանցերը պարտավոր են ապաակտիվացնել երեխաների և դեռահասների օգտահաշիվները:  

«Այսօրվանից սոցիալական ցանցերում գործում են սահմանափակումներ․ օգտահաշիվ ունենալու համար տարիքը պետք է լինի 16 և ավելին։ Դա զարգացման կարևոր փուլում կապահովի պատանի ավստրալացիների համացանցային անվտանգությունը», - ասվում է կարգավորողի հայտարարության մեջ:

eSafety-ն պարզաբանել է, որ արգելքը վերաբերում է Facebook-ին, Instagram-ին, Kick-ին, Reddit-ին, Snapchat-ին, Threads-ին, TikTok-ին, Twitch-ին, X-ին և YouTube-ին:

«Նրանք պարտավոր կլինեն ձեռնարկելու ողջամիտ քայլեր՝ 16 տարեկանից փոքր ավստրալացիներին արգելելու՝ ունենալ օգտահաշիվներ իրենց հարթակներում, սակայն երեխաներն ու դեռահասները նախկինի նման կկարողանան դիտել հանրային հասանելի կոնտենտը սոցիալական ցանցերում, որի համար  գրանցում չի պահանջում օգտահաշվում», - նշել է կարգավորող մարմինն՝ ընդգծելով, որ պատանիները նաև կկարողանան կապի մեջ մնալ ընկերների հետ՝ օգտագործելով օգտահաշիվները հաղորդագրությունների փոխանակման հավելվածներում և առանց տարիքային սահմանափակման հարթակներում։