Foto

Ծեծված երեխային ու նրա հարազատներին դեռ չեն հարցաքննել. բացառիկ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նոյեմբերի 27-ին համացանցումտարածված տեսանյութը, որտեղ մի քանի դեռահասներ դաժանորեն ծեծի եւ նվաստացման են ենթարկում մի անօգնական երիտասարդի՝ Ալենին, հանրության մեջ հույզեր արթնացրեց, որը հիմա դարձել է անպատժելիության հստակ օրինակ։


«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ Քննչական կոմիտեից տեղեկացավ, որ դեռ Ալենին կամ նրա հորը, պապիկին չեն կանչել հարցաքննության, չեն լսել տուժողներին:
Գյուղացիներից տեղեկացանք՝ ծեծի ենթարկված դեռահասը հիմնականում պապիկի խնամքի տակ է:

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ Քննչական կոմիտեից տեղեկացավ, որ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթում հինգ անձանց վերաբերյալ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նրանցից մի քանիսի նկատմամբ ընտրվել են կալանքի տարբեր միջոցներ, մեկին՝ տնային կալանք, մեկին՝ վարչական հսկողություն։ Այսինքն՝ փաստացի պատիժ չկա առ այսօր։

«Ժողովուրդ» օրաթերթին այս աղմկահարույց գործից մանրամասներ հայտնի դարձան այն մասին, որ բռնության ենթարկողների մի մասի ծնողները զբաղեցնում են կրթական եւ իրավապահ համակարգերի պատասխանատու պաշտոններ։

Մանուշակ Առաքելյան — գյուղի մանկապարտեզի տնօրեն (ծեծին մասնակցած Հ․ Ա․-ի մայր),

Ամալյա Պողոսյան — Զորականի դպրոցի փոխտնօրեն (ծեծի մասնակից Հ․Գ․-ի մայր),

Ռուբեն Գասպարյան — Արթիկ ՔԿՀ պետի տեղակալ (Հ․Գ.-ի հայր):

Այս պաշտոնները ոչ միայն վարչական ծանրություն են, այլեւ ուղղակիորեն առնչվում են երեխաների, պատանիների բարոյահոգեբանական միջավայրի ու իրավական գիտակցության ձեւավորմանը։ Եվ հենց այստեղ է, որ հանրային վստահության լուրջ ճեղք է առաջացել։

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին՝ պարզելու, թե ինչու «Արթիկ» ՔԿՀ պետի տեղակալ Ռուբեն Գասպարյանը, որի որդին տեսանյութում երեւում է իրեն տարեկից փոքր երիտասարդին ծեծելիս ու «ինչու ես մեզ ծախել» սպառնալիքով նվաստացնելիս, դեռ պաշտոնավարում:

Գալյանի արձագանքը հետեւյալն էր․«Որդու արարքների համար ՔԿՀ պետի տեղակալը աշխատանքից չի ազատվի»։ Այս դիրքորոշումը ոչ միայն անընդունելի է հանրային զգայունության պայմաններում, այլ նաեւ խորացնում է այն համոզմունքը, որ Հայաստանում դեռեւս գործում է անպատժելիության ինստիտուտ, երբ պաշտոնի հեղինակությունն ավելի բարձր է համարվում, քան հանրության անվտանգությունն ու բարոյական իրավունքը, պաշտպանված լինելը։

Բռնության գործով անցնող աշակերտների երեք ծնողներն էլ ներկայացնում են համակարգեր, որոնք պարտավոր են ապահովել երեխաների պաշտպանություն, իրավական մտածողություն եւ արժեհամակարգային դաստիարակություն»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ  «Ժողովուրդ» թերթի՝ 04 12․ 25 թ