Այսօր առավոտյան տեղեկություններ տարածվեցին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս կիրակի պատրաստվում է պատարագի մասնակցել Շիրակի մարզում: Ըստ շրջանառվող լուրերի` Շիրակի մարզի հոգևորականների շրջանում փնտրել են այն քահանային, որը պատարագ կմատուցի և կզեղչի Վեհափառ Հայրապետի անունը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նա Սուրբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ռուբեն քահանա Գասպարյանն է:
24News-ը կապ հաստատեց քահանայի հետ, հասկանալու արդյոք այդ խոսակցությունները ճի՞շտ են և ինքը պատրաստվո՞ւմ է արդյոք ընդունել Նիկոլ Փաշինյանին:
«Բացառվում է, ես 25 տարի տվել եմ Վեհափառի անունը և պիտի տամ, քանի գործող Հայրապետ է, ինչպես նաև Սրբազանի անունը (խմբ. – Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի)»,-նշեց նա:
Ճշտող հարցին, թե արդյոք Նիկոլ Փաշինյանը գնալո՞ւ է Սուրբ Հակոբ եկեղեցի, նա ասաց, որ չգիտի, ապա ավելացրեց` պիտի գա, անշուշտ, թե որ եկեղեցի, դա դեռ պարզ չէ:
«Մարդն ազատ է, որ եկեղեցի կուզի, կգնա, բոլոր եկեղեցիներում էլ պատարագ մատուցվում է: Կիրակի օր է, կգա՞, խնդրեմ, բայց առանց նախապայմանների: Ես 25 տարի տվել եմ անունը Վեհափառ Հոր և Սրբազանի ու էլի պիտի տամ: Ես չեմ կարող քահանայական կանոնից դուրս գալ»,-նշեց նա:
Կարծիք հայտնելով, որ մինչև հիմա Նիկոլ Փաշինյանը որտեղ գնացել է, պատարագիչ հոգևորականը զեղչել է Վեհափառի անունը, նա ընդգծեց, որ դա իրենց գործն է:
«Մարդն ազատ կամքով է ստեղծված, ըստ իրենց գիտության, հասկացողության: Իմ Աստվածգիտությունը թույլ չի տա Հայրապետի անունը չտալ պատարագի ժամանակ»,-նշեց նա:
24News-ի տեղեկություններով, այսօր Տեր Ռուբենին են հանդիպել ԱԱԾ ներկայացուցիչներ: Մենք նրանից հետաքրքրվեցինք, թե ինչ հանդիպում է եղել և ինչ նպատակով:
«Շատ նորմալ զրուցել ենք, հասկացել ենք իրար: Մարդիկ չգիտեն, չեն հասկանում էդ կարգ ու կանոնները: Հոգևոր հայրերս նրա համար ենք, որ բացատրենք այդ ամենը, թե ինչ բան է Եկեղեցին, ինչ բան է քահանան, ինչ բան է Սրբազանը, ինչ բան է Վեհափառը: Հիմա կարող է եկել էին խոստովանության, ես ինչ է, պետք է սաղ ասե՞մ ձեզ: Քահանա հայրերը խոստովանություն են ընդունում»,-ասաց նա:
Հարցին, թե արդյոք հաճա՞խ են իրեն ԱԱԾ ներկայացուցիչներ այցելում պատարագներից առաջ, ասաց. «Հա, ինչի՞ չէ, եղել ա: Մեր մեծարգո վարչապետը երբ եկավ հուղարկավորության մեր եկեղեցի, 2 կամ 1 տարի առաջ էր, ԱԱԾ ներկայացուցիչները եկան, նայեցին: Դե, ապահովում են անվտանգությունը, էս մարդիկ իրենց ծառայությունն են անում, անվտանգություն են ապահովում»,- նշեց Ռուբեն քահանա Գասպարյանը:
Հասմիկ Սարգսյան









