Հայաստանի Հանրապետության տարածքում նոյեմբերի վերջի և դեկտեմբերի սկզբի դրությամբ պահպանվում է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվությունը: Հիվանդացության բարձր ցուցանիշ է արձանագրվել Գեղարքունիքի, Արմավիրի, Արագածոտնի և Կոտայքի մարզերում, իսկ առավել բարձր ակտիվություն էլ արձանագրվել է Երևան քաղաքում:
Սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ցուցանիշը նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի համեմատ ևս բարձր է։ Ընդհանուր դեպքերի 81%-ը կազմում են 0-18 տարեկանները։ «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում՝ այդ մասին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի բժիշկ համաճարակաբան Եվգենյա Խաչատրյանը՝ նշելով, որ Հայաստանի Հանրապետությունում շրջանառվում են գրիպի Ա տեսակի H3 ենթատեսակի հարուցիչներ: Բայց կան նաև այլ շնչառական վարակներ, որոնցից են ռինովիրուսը, ադենովիրուսը, բոկավիրուսը և կորոնավիրուսային հիվանդության հարուցիչներ։
«Հայաստանի Հանրապետության բժշկական կենտրոններում այս օրերին հոսպիտալացված են 752 պացիենտ, որոնց 90%-ը կազմում են 0-18 տարեկան երեխաները»,-ասաց Եվգենյա Խաչատրյանը։
Առողջապահության նախարարությունը սուր շնչառական վարակներով և գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև բարդություններից խուսափելու նպատակով՝ կրկին հիշեցնում և հորդորում է՝ պատվաստվել սեզոնային գրիպի դեմ՝ դիմելով պոլիկլինիկա/ամբուլատորիա, խուսափել սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշաններով հիվանդների հետ շփումից, հիվանդ լինելու դեպքում մնալ տանը, հատկապես՝ սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշաններով երեխաներին չթույլատրել հաճախել դպրոց և մանկապարտեզ՝ ապահովելով բժշկի կողմից խորհրդատվությունը և չօգտագործել հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար։









