Foto

«Ամառային գիշերվա երազով» եզրափակվեց Շեքսպիրյան 17-րդ միջազգային փառատոնը. լուսանկարներ

Շեքսպիրյան 17-րդ միջազգային թատերական փառատոնն ամփոփվեց Վ․ Շեքսպիրի «Ամառային գիշերվա երազ» ներկայացումով։ Այն հանդիսատեսի դատին հանձնեց Բրյանցեւի անվան Պատանի հանդիսատեսի թատրոնը (Սանկտ Պետերբուրգ) Հ․ Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում։

undefined

Շեքսպիրյան 17-րդ միջազգային թատերական փառատոնն այս տարի անցկացվեց նոյեմբերի 14-20-ը Երևանում, Գյումրիում և Աշտարակում՝ «Շեքսպիր և ռուս դասականներ» խորագրով։ Ընդգրկված էին ներկայացումներ Ռուսաստանից, Ղազախստանից, Մոլդովայից, Հունգարիայից, Ռումինիայից, Լեհաստանից։

Փառատոնը մեկնարկել էր նոյեմբերի 14-ին՝ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, որտեղ Արկադի Ռայկինի անվան ռուսական պետական «Սատիրիկոն» թատրոնը ներկայացրեց ականավոր ռեժիսոր Յուրի Բուտուսովի լեգենդար «Ճայը» ներկայացումը։ 

Շեքսպիրյան 17-րդ միջազգային թատերական փառատոնի նշանավոր ներկայացումներից էին Ա․ Ռայկինի անվան ռուսական պետական «Սատիրիկոն» թատրոնի՝ «Ճայը» (Մոսկվա), «Ի․ Լ․ Կարաջալե Սատիրիկուս» Ազգային թատրոնի «Քեռի Վանյա» (Մոլդովա), Բրյանցեւի անվան Պատանի հանդիսատեսի թատրոնի «Քիթը» և «Ամառային գիշերվա երազը» (Սանկտ Պետերբուրգ), Սեգեդի Պինցեսինհազ և Արադի Կամարասինհազ թատրոնների «Կենդանի Դիակ» (Հունգարիա-Ռումինիա), Սեգեդի Պինցեսինհազ թատրոնի «ՄակբեԹԹ» (Հունգարիա)։ Այս ներկայացումները հանդիսատեսին ընձեռեցին բացառիկ հնարավորություն տեսնել ժամանակակից և դասական բեմադրությունների բազմազանությունը։

Փառատոնի օրերին Գալյա Նովենց թատերական դպրոցի հետ համատեղ անցկացվեց թատերական լաբորատորիա՝ բեմադրիչ Դորիան Ռոսսելի (Շվեյցարիա) ղեկավարությամբ․ կայացավ Վ.Շեքսպիրի «Փոթորիկը» ներկայացման առաջնախաղը: Փառատոնը հագեցած էր հանդիպումներով, վարպետության դասերով և մասնագիտական քննարկումներով։

Հիշեցնենք, որ փառատոնի տնօրենն է ռեժիսոր, պրոդյուսեր Կարո Բալյանը։ Երևանի Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնն աշխարհահռչակ Եվրոպական Շեքսպիրյան փառատոների ցանցի անդամ է: Փառատոնը տարիների ընթացքում դարձել է կարևոր մշակութային հարթակ, որը միավորում է տարբեր երկրների թատերական գործիչների, ներկայացնում ժամանակակից և դասական շեքսպիրյան մեկնաբանությունների բազմազանությունը և խթանում ստեղծագործական համագործակցությունը։ Փառատոնը նպաստում է Հայաստանի միջազգային մշակութային կապերի ընդլայնմանը և հանդիսատեսին հնարավորություն տալիս տեսնելու բարձրարվեստ բեմադրություններ աշխարհի տարբեր թատրոններից: