Foto

Լիդիա Մանթաշյանին պատժում են պետական պաշտոնյայի մասին տեղեկություն ունենալու համար. Էլինար Վարդանյան

Տպավորություն է, որ Լիդիա Մանթաշյանի նկատմամբ դատարանի որոշումը կիրառվում է հատկապես պատժելու նպատակով: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը:

«Տեսանք՝ կալանքը՝ տնային կալանքով փոխարինելու, կամ՝ տնային կալանքները վարչական հսկողությամբ փոխարինելու փոխարեն կին քաղաքական   բանտարկյալի նկատմամբ դատարանը կայացրեց  ևս 3 ամսով կալանքի որոշում»,- նշել է նա: 

Պատգամավորի դիտարկմամբ՝ գրեթե 5 ամիս Լիդիա Մանթաշյանի տեսակցությունները՝ այդ թվում նաև պատգամավորների հետ, սահմանփակված են: Նրա խոսքով՝ սա այլ կերպ, քան՝ պատիժ, գնահատել չի կարելի:

Հարցին՝ ինչն է պատճառը դատարանի կողմից նման խիստ պատիժ սահմանելը, պատգամավորը պատասխանեց. «Երեկ, Լիդիան իր խոսքում նշել է, որ տեղեկություններ է պարունակում որևէ պետական պաշտոնյայի նկատմամբ: Միջադեպ է եղել պետական պաշտոնյայի հետ, և դրանով պայմանավորված են նրան պատժում»:

«Իմ համոզմունքը մնում է այն, որ Լիդիա Մանթաշյանին դատարանը, պարզապես, քաղաքական իշխանությունների հրահանգով պատժում է»,- եզրափակել է Վարդանյանը:

Նշենք, որ Բագրատ Սրբազանի և մյուսների գործով անցնող Լիդյա Մանթաշյանը կմնա կալանքի տակ, դատական նիստի ժամանակ մեղադրող դատախազը հայտարարել էր, որ նրա խափանման միջոցը պետք է երկարաձգվի ևս 3 ամսով: