Foto

Կեչուտում ջրային աղբյուրի աղտոտումը որևէ առնչություն չունի Ամուլսարի հետ․ Լիդիան Արմենիա

Ամուլսարում ընթացող շինարարական աշխատանքները որևէ առնչություն չունեն նախորդ շաբաթ Կեչուտում արձանագրված ջրային աղբյուրի աղտոտման հետ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Լիդիան Արմենիա ընկերությունը՝ հիշեցնելով, որ այս հանգամանքը նաև հաստատել է ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։

Ընկերությունից հիշեցնում են նաև, որ նոյեմբերի 10-ին համացանցում տարածվել էր տեսանյութ, որում պնդում էր կատարվում, որ Կեչուտում ջրային աղբյուրի աղտոտումն առաջացել է Ամուլսարում ընթացող շինարարական աշխատանքների հետևանքով, թեև տվյալ աղբյուրը գտնվում էր Ամուլսարի լեռնահատկացման տարածքից դուրս։

Նույն օրը Լիդիան Արմենիայի բնապահպանական թիմի և Ջերմուկի համայնքապետարանի ներկայացուցիչներն այցելել էին նշված տարածք։ Տեղում իրականացված զննության արդյունքում նախնական հաստատվել էր, որ տվյալ միջադեպի և Ամուլսարի միջև կապ չկա։

«Հաշվի առնելով, որ ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը զուգահեռ վարույթ էր նախաձեռնել` այս ընթացքում Ընկերությունը ձեռնպահ է մնացել մեկնաբանություններից` սպասելով տեսչական մարմնի վերջնական եզրակացությանն աղտոտման իրական պատճառների վերաբերյալ։

Հարկ ենք համարում նաև նշել, որ Ամուլսարի շինարարական աշխատանքներում «Ստրոյմոնտաժ» անվանումով ընկերություն ներգրավված չէ»,– ասված է Լիդիան Արմենիայի տարածած հաղորդագրության մեջ։