Foto

Այսօր ՔԿ-ում 2 հոգևորականի են հարցաքննել. մանրամասներ

Այսօր քննչական կոմիտեում հարցաքննվել են Արագածոտնի թեմի հոգևորականներ տեր Եղիշե քահանա Բարսեղյանն ու տեր Մուշե քահանա Վահանյանը, նրանք հրավիրվել են որպես վկաներ ՔԿ-ում քննվող նոր քրեական վարույթի շրջանակում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին հայտնեց տեր Մուշեի պաշտպան Արմինե Ֆանյանը։
Նոյեմբերի 12-ին հայտնի դարձավ, որ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնից և Արագածոտնի թեմից ավելի քան 8 հոգևորականի ՀՀ քննչական կոմիտե են կանչել Նաթան սրբազանին առնչվող ձայնագրության հետ կապված քրեական վարույթի շրջանակում։ Ավելի ուշ փաստաբան Արա Զոհրաբյանը պարզաբանեց, որ ՔԿ-ն քրեական նոր վարույթ է նախաձեռնել խտրականության հոդվածով։ Նրա խոսքով` քննչական մարմնին հետաքրքրում է կարգալույծ արված քահանա Արամ Ասատրյանի և տեր Թադե քահանա Թահմազյանի վերաբերյալ Մայր աթոռում առկա տեղեկությունները:
«Այսօր հոգևորականներին վերաբերվել են ընդգծված հարգանքով։ Հարցաքննության են կանչել խտրականության և հավաքներին մասնակցելուն պարտադրելու վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում»,- նշեց Ֆանյանը։
Նա հավելեց՝ մանրամասներ չի կարող հայտնել, քանի որ ծանուցված է նախաքննության գաղտնիությունը պահպանելու պարտականության մասին։
Իր տեղեկություններով՝ այսօր միայն հարցաքննվել են տեր Մուշեն և տեր Եղիշեն, սակայն մոտ 1 տասնյակի հասնող հոգևորականներ են ծանուցված, այդ թվում` Արագածոտնի թեմից տեր Վրթանես քահանա Բաղալյանը, տեր Զորայր քահանա Կարապետյանը և ուրիշներ։
Ինչ վերաբերում է հոգևորականների տրամադրվածությանը, պաշտպանը նշեց՝ մարտական են։
Հիշեցնենք` հոկտեմբերին իշխանական ԶԼՄ-ները 2023 թվականին արված ձայնագրություն տարածեցին, որում Գարեգին Երկրորդի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանը Մայր աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի հետ զրույցում դժգոհում է, թե կաթողիկոսը ստիպում է մասնակցել հակաիշխանական ցույցերի:
Հոկտեմբերի 17-ին հայտնի դարձավ, որ աղմկահարույց ձայնագրության հիմքով քրեական վարույթ է նախաձեռնվել։