Նոյեմբերի 11-ին, ըստ պաշտոնական տեղեկությունների
և մամուլում հրապարակված տեսանյութի, Աբովյան քաղաքի «Կինոյի շենքի» հատվածում 2 դանակահարություն
տեղի ունեցավ։ 25-ամյա երիտասարդին դանակահարեցին ամբոխի մեջ, օրը ցերեկով, նա մահացավ։
Մեկ ու կես ժամ չանցած՝ երկրորդ դանակահարությունը տեղի ունեցավ Աբովյանի թիվ 7 դպրոցի
մոտ։ Դանակահարության երկու դեպքերը փոխկապակցված են միմյանց հետ։
Շուրջ 2 օր է՝ մարդ են սպանել, հաշվեհարդար
տեսել, առկա են տեսախցիկների տեսագրություններ, որտեղ երևում են և՛ սպանվածի, և՛ հանցագործությունը կատարողի,
և՛ վկաների դեմքերը։ Դեպքը բացահայտված չէ, ՔԿ-ն այս մասին պաշտոնական որևէ հաղորդագրություն
չի տարածել։
Այս դեպքերը, որոնք մարդու կյանք են
խլել, չի բացահայտել նույն իրավապահ համակարգը, որը այսօր առավոտյան ԱԺ նախագահի հաղորդման
հիման վրա շոուով ձերբակալեց երկու անձի՝ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին։
Պատճառը «Իմենիմեննի» փոդքասթի ընթացքում հնչած ինչ-որ մտքերն են, որոնք ԱԺ նախագահը
որպես սպառնալիք է ընդունել։
Ինչո՞ւ շոու՝ քանի որ հաղորդման հիման
վրա պարզապես անձին հրավիրում են ՔԿ՝ հարցաքննության, որպես վկա, ապա, եթե կարիք է լինում,
մեղադրանք են առաջադրում։
Ի դեպ, ում վերաբերյալ հաղորդում է ներկայացվում, դիմակավորված անձանցով չեն ձերբակալում։
Եթե հրավիրեին, ապա իրավագիտակից ցանկացած քաղաքացի կներկայանար, իսկ նախորդ փորձերը
ցույց են տվել, որ նրանք ներկայանում են վարույթ իրականացնող մարմնին։ Ավելին՝ փաստաբանի
գործունեությանը ևս խոչընդոտում էին, և փաստացի պաշտպանը տևական ժամանակ զրկված էր
իր պաշտպանյալին տեսնելու հնարավորությունից։
Ահա մի պարզ օրինակ, թե ինչու են քաղաքացիները
համոզված, որ ՀՀ-ում պաշտպանված են միայն իշխանության ներկայացուցիչների իրավունքները։
Նրանց հաղորդմամբ՝ հնարավոր, թույլատրելի և ոչ թույլատրելի բոլոր իրավական մեխանիզմները գործում
են, բայց քաղաքացու դանակահարությունը ոչ միայն չի բացահայտվում, այլև չի կանխվում
նույն հողի վրա տեղի ունեցած մյուս դանակահարությունը։ Չկանխվեց նաև ընդդիմադիր համայնքապետ
Վոլոդիա Գրիգորյանի սպանությունը։
Առհասարակ վիճակագրությունը հուշում
է, որ էականորեն ավելացել են հանցագործությունների թվերը, և հատկապես առանձնակի ծանր
հանցագործությունների դեպքերը գերակշիռ են։









